Բարև, մարդի՛կ:
Վերջին մի քանի օրերն ավելի շատ եմ բացասական մտքեր լսում կյանքի վերաբերյալ, քան երբևէ: Այդ իսկ պատճառով որոշեցի մի քանի տող գրել այն մասին, թե ինչպես եմ ես գրեթե միշտ հաջողացնում լինել ուրախ, ժպիտով ու գոհ կյանքից:
Ձմեռ է, ցուրտ: Մեր օրգանիզմն ամեն ինչ անում է, որ դիմանա ցրտին: Իհարկե, ցանկանում ենք ավելի շատ քնել, ավելի պասիվ ենք դառնում, քան կանք, վատ եղանակը հաճախ փչացնում է մեր պլանները ինչ-որ տեղ գնալու: Չեմ թվարկի այն ողջ անախոռժությունները, որոնք երբեմն ձմեռը մեզ մատուցում է: Ցանկանում եմ ավելի կենտրոնանանք տրամադրության անկման վրա:
Ի՞նչ է կատարվում մարդկանց մեծամասնության հետ ձմռանը: Նրանք ավելի շատ են ունենում տրամադրության անկում, քան մնացած եղանակներին: Ի միջի այլոց, այդ անկումն անառիթ է լինում ընդհանուր առմամբ: Մի օր, երկու օր... ու ի՞նչ, ընկճախտը (դեպրեսսիա) պատրաստ է: Սկսում ենք խուսափել շփումից, նույնիսկ ընկերների, ամենամոտ մարդկանց հետ շփումից, չենք ցանկանում աշխատել, ուտել: Միակ ցանկությունը քնելն է ու մարդկանց չտեսնելը: Շատերը նույնիսկ սկսում են ատել <մարդկությանը>. էլի առանց առիթի: Դե, այսպիսի իրավիճակը առանց հսկողության թողնելը բավականին վտանգավոր է. կհասցնի խելագարության:
Ինչ եմ ես անում այն հազվադեպ դեպքերում, երբ հայտնվում եմ նման փաստի առաջ:
1. Առաջին հերթին մտքերս եմ <լվանում> ամեն բացասական աղբից: Սկզից դժվար է, հետո արդեն բավականին հեշտ է լինում: Այո՛, ստիպում եմ ինձ միայն դրականը մտածել, տեսնել իմ կյանքի ամեն լավը:
Կասեք, թե դու չունե՞ք բավարար լավ բաներ, որոնք ստիպեն կյանքին լավ կողմից նայել: Կներեք, բայց չեմ համաձայնի ձեզ հետ: Ունե՛ք, այն էլ շատ ունեք: Օրինակ, կասեք, որ չեք հասցնում բավարար քնել, քանզի աշխատում եք և ստիպվա՞ծ եք առավոտյան շուտ արթնանալ: Իսկ մտածել եք այն մասին, եթե հանկարծ չաշխատեիք, ի"նչ կլիներ:
Կամ, օրինակ, երթուղայինն ուշացավ, տեղ չկա՞ նստելու, հոգնո՞ւմ ես քայլել. իսկ մտածել ես այն հաշմանդամի մասին, ով կերազեր գեթ կանգնելու մասին, էլ չասեմ քայլելու: Չշարունակեմ տխուր փաստերս... Մտածե՛ք ԴՐԱԿԱՆ:
2. Ժպտացե՛ք: Առավոտյան բացեցիք աչքերը, ժպտացե՛ք: Անկախ նրանից, թե ժամը քանիսին եք արթնացել: Ուրախ եղեք, որ այսօրն էլ է ձերը լինելու, որ կյանքը ձեզ մի օր էլ է պարգևել շնչելու, արարելու համար:
3. Բացե՛ք պատուհանն ու շնչե՜ք առավոտյան թարմ օդը (թեկուզ ձմեռային մի քիչ սառը օդը): Այն թարմացնում և զգաստ է դարձնում:
4. Քաշե՛ք վարագույրներն ու լուսավորե՛ք ձեր սենյակը: Թո՛ղ արևի ճառագայթները թափանցեն պատուհանից ներս ու գրկեն Ձեզ:
5. Նախաճաշե՛ք անպայման: Մեր օրգանիզմին նյութ է պետք այրելու համար, որ կարողանա անհրաժեշտ էներգիան տրամադրի: Սկսենք հումքի մատակարարումը հենց սկզբից:
6. Ամեն բան, որ անում եք, արե՛ք հաճույքով: Նույնիսկ այն, ինչ մի փոքր ստիպված եք անում, արե՛ք հաճույքով: Մտածեք, որ այլ տարբերակ չկա, միևնույն է պետք է անեք, ուրեմն ինչո՞ւ ոչ հաճույքով անել: Համ էլ ընթացքում կարող է մտափոխվեք ու լրիվ այլ վերաբերմունք ունենաք տվյալ խնդրի շուրջ:
7. Ժպտացե՛ք նաև անծանոթ անցորդներին: Չէ՛, գիժ չեմ, ձեզ էլ ձեռք չե՛մ առնում: Ուղղակի փորձե՛ք: Կտեսնեք, որ նույն պատասխանն եք ստանալու: Ավելին, նաև այնքան դրական էներգիա, որ կարող եք անգամ չքաղցել օրվա ընթացքում:
8. Ճաշե՛ք, ընթրե՛ք անպայման: Ցանկալի է օրվա ընթացքում ցիտրուսային մրգեր օգտագործել նաև: Տրամադրություն ու դիմադրողականություն են բարձրացնում:
9. Փորձեք օրվա ընթացքում ժամանակ գտնել ընկերների հետ հանդիպման համար:
Շատ զբաղված եք: Լավ, գոնե շաբաթվա մեջ երկու-երեք օր, թեկուզ շատ կարճ ժամանակով: Կրկին էներգիայի մեծ պաշար:
10. Բարի եղեք շրջապատի հետ՝ ծանոթ կամ անծանոթ: Հնարավորության դեպքում օգնեք դրա կարիքն ունեցող մարդկանց, եղեք բարյացակամ: Դա արեք ոչ թե միայն նրանց համար, այլ ձեր: Այնքան երջանիկ կզգաք ձեզ, երբ օգնեք, օրինակ, սայթաքող տատիկին անցնել փողոցը և արդյունքում ստանալ նրա օրհնանքը:
11. Արթնացեք շուտ (7:30-ին կամ գոնե 8-ին): Սա վերջում գրեցի, որպեսզի մինչ այս տրամադրվեիք, թե որքան բան եք ունենում անելու, իսկ ժամանակը չի հերիքում: Այդ իսկ պատճառով առաջարկում եմ վաղ արթնանալ: Այդ դեպքում այնպիսի տպավորություն է, թե ավելի երկար ես ապրում:
Հ.Գ. Ահա թվարկեցի մի քանի պարզ բաներ, որոնք իմ օրը դարձնում են արևոտ, ինձ՝ կենսուրախ, ընկերներիս էլ զարմացած (թե ինչպես եմ միշտ գոհ կյանքից):
Հավանաբար դեռ կշարունակեմ այս թեման, բայց ոչ այսօր:
Հիմա գնամ քնելու: Առողջ քունը շա՜տ կարևոր է:
No comments:
Post a Comment