Բարև, իմ լքված բլոգ: Երկար ժամանակ վայելում էի օֆլայն կյանքս, կրկին ապրում առանց ինտերնետի, վայելում մարդկանց, հարազատ մարդկանց շփումը: Այդ իսկ պատճառով գրեթե հեռու էի ժամանակակից ինտերնետ-տնից: Իհարկե, երբեմն մտնում էի ընկերներիս բլոգներն ու զգում նրանց ներկայությունն այդպես, քանզի այս 2 շաբաթվա մեջ նրանք հեռու էին ինձնից:
Նախնական բացատրությունս արդարացում չէր, այլ նախապատրաստումն այն բանի, ինչի մասին երկար ժամանակ էի ուզում գրել, բայց հետաձգում էի: Այսօր վերջապես որոշեցի գրել՝ թեկուզ բառերը չկարողանամ այնպես դասավորել, որ դրանք կարողանան զգացմունքներս ամբողջությամբ արտահայտել:
Խոսքս էներգիայի մասին է. այն հզորության, որոնք մարդիկ ճառագայթում են: Միանգամից ասեմ, որ չեմ ուզում գրել բացասական էներգիայով մարդկանց մասին. ես կարողացել եմ մաքրել այդպիսի մարդկանց իմ առօրյայից: Նրանք կան, իհարկե, երբեմն հանդիպում եմ այդպիսի մարդկանց, բայց փորձում եմ ես իմ դրականը նրանց տալ՝ իրենց բացասականը վերցնելու փոխարեն:
Շատ չփչացնեմ գրառումս բացասականով. մանավանդ, որ դրա մասին չէի էլ մտածում:
Արդեն գրեթե երկու տարի կամ մի քիչ ավելի կլինի, որ գիտակցում ու զգում եմ հաճելի մարդկանց փոխանցած էներգիան, լույսը: Ընկերներիս ժպիտը, բարի խոսքը, հարազատիս հետ գրկախառնությունը ինձ այնքան էներգիա են հաղորդում, որ կարող եմ ողջ օրը ոչինչ չուտել ու քաղց չզգալ, որ կարող եմ ունեցածս խնդիրները մոռանալ ու ժպտալ: Այդ էներգիան սկսեց կլանվել նաև վիրտուալ: Մի բան, որը ես երկար ժամանակ չէի ընդունում, մի բան, որն ինձ հասկացրեց, որ մարդիկ, լավ մարդիկ, երևում են ամեն տեղ, որ նրանք ազնիվ են, որ ժպտում են, որ հոգում են հարազատի մասին, որ ուշադիր են թեկուզ ինտերնետ կոչվածով, որ այդպես էլ նրանք կարող են իսկական լինել, որ կարող ես կարոտել նրանց:
Վերջին երկու շաբաթվա ընթացքում ստացա էներգիայի մե՜ծ պաշար հարազատներիս միջոցով: Նրանց երկար ներկայությունն ու սերը, նրանց խնդիրներին մասնակից լինելն անգամ, նրանց հետ շփումն առանց արդի տեխնոլոգիաների այնքա՜ն հաճելի էր, որ ես ուղղակի փայլում էի արևի պես, որ ինձնից հանգստություն, միաժամանակ՝ մե՜ծ ջերմություն էր ժայթքում:
Ջերմություն ես ստանում եմ նաև անծանոթի ջերմ հայացքից, ժպիտից, նաև քո՛ ժպիտից ու բարևից: Այո՛, դու օրս լցնում ես մանկությամբ, հոգիս գարունով ես լցնում, սիրտս՝ սիրով...
Մենք՝ անծանոթ ծանոթներս, ընդամենը մի ժպիտով կարողացանք մեր սրտերին պարգևել մի փոքր ավել լույս կամ էլ մի քիչ ավելի շատ: Չէ, շատ, քանզի ես էլ հո զգում եմ քեզ, դեմքիդ պայծառությունը:
Ի՜նչ լավ է, որ ես ունեմ ԱՐԵՎ-ՄԱՐԴԻԿ իմ կյանքում: Ես նրանց շա՜տ եմ սիրում... Նրանք երբեք չեն վառում, նրանք հաճելիորեն տաքացնում են, արբեցնում են իրենց սիրով...
ՍԻՐԵ՛Ք միմյանց, մարդիկ, ու ԺՊՏԱՑԵ՛Ք...
Հ.Գ. Գուցե մի քիչ երկար, մի քիչ անհետաքրքիր թվա գրածս, բայց շատ էի ուզում գրել: Իհարկե, շատ բան իսկապես չկարողացա բառերով արտահայտել, դրանք միայն զգում եմ, բայց համոզված եմ, մարդիկ, ովքեր սիրում են, կկարդան նաև չգրածս:
