Wednesday, February 8, 2012

Չգիտեմ...

Բարև, իմ լուռ ու համբերատար ընկեր:
Այսօր կրկին որոշեցի քեզ հանձնել ներաշխարհս. մարդիկ չէին հասկանա, ես էլ իրականում ինձ չեմ հասկանում:
Է՜հ, ուզում եմ գրեմ, բայց փաստորեն չի ստացվում գրել այն, ինչ զգում եմ, արտահայտել սրտիս զարկերի արագ աշխատանքի առիթը: 
Դու գիժ ես, իմ գիժն ես: Ի սկզբանե այդպես է եղել, կարծել եմ գիժ ես, այնինչ...
Ուրիշ ես, լավն ես, մի քիչ վատը, երևի, բայց... չէ է, լավն ես շատ:
Ե՞ս... ես սովորական եմ. սովորական եմ բոլորի համար: Բայց...
Չէ, անսովոր եմ, ուրիշ եմ քո աչքերով: Քո աչքերով ես ինձ այնքա՜ն եմ սիրում: Գիտե՞ս, երբ նայում եմ աչքերիդ, երբ տեսնում եմ ինձ նայող հայացքդ, ինձ արքայադուստր եմ զգում, աշխարհի ամենասիրունն ու ամենա-ամենան եմ դառնում ես:
Կարմրում եմ: Ամաչում եմ, քանզի հայացքդ մատնում է մեզ:
Ձմեռային այս սառը օրը, այս ձյունառատ ճանապարհներն անգամ այնքան հաճելի են ինձ, քանզի այդպես զգացի հոգատարությունդ:
Ձեռնոցնե՞րս... չէ, չեմ ուզում. մատներդ շա՜տ ավելի ջերմ են:
Տան մուտքի լո՞ւյսը. ես այն չեմ միացնի, որ դու էլի լուսավորես մի քանի աստիճան ունեցող ճանապարհս:
Չգիտեմ... Դեռ չեմ որոշել ինչ անվանեմ այս զգացումս. գժասե՞ր... երևի...


Հ.Գ. Գրեցի մի փոքր, քանզի ներսս եռում էր, քանզի գժությունս շատ էր արտահայտվում, քանզի անառիթ ժպտում եմ (առիթ կա, բայց կողքիններս չգիտեն): Գրեցի, բայց կջնջվի գուցե այս գրառումը, քանզի շուտով, շատ շուտով, գուցե հենց վաղը ամեն ինչ փոխվի...
Ուրիշ եմ այսօր, հաջողակ, որ գիտեմ ԳԺԻՆ, երջանիկ եմ, լավն եմ, սիրում եմ ինձ... հայացքդ է մեղավոր... 

No comments:

Post a Comment