Thursday, December 29, 2011

Շնորհավոր գալիք Նոր տարի և Սուրբ Ծնունդ...

Ընթերցող ջան, Բլոգ իմ սիրելի, քանի որ մտավախություն ունեի, որ այս տարի այլևս չեմ կարողանա ձեզ գրել, որոշեցի այսօր գրել:
Շնորհավոր բոլորիս գալիք Նոր տարին և Սուրբ ծնունդը...
Ցանկանում եմ...
Ի՞նչ գրեմ, որ հենց յուրաքանչյուրիդ ուզածը լինի, սրտի այն տաքուկ անկյունում պահված ցանկությունը լինի, որն ուզում է, երազում է ի կատար ածվել:
Ես էլ որոշեցի բազմակետեր դնել՝ պայմանով, որ յուրաքանչյուրդ իր համար անպայման կլրացնի:
Հ.Գ. Ես էլ ցանկանում եմ, որ Ձմեռ պապը հարազատներիս, ընկերներիս ու ինձ հանկարծ չմոռանա, բերի իր կախարդական փայտիկներից :)
|ՇՆՈՐՀԱՎՈՐ...

Հեռացում... ԲԱՅՑ...

2011 թվական... Նապաստակի, ճագրի, կատվի տարի. իմ տարին:
Ոգևորված դրանից՝ կարծում էի իմ բոլոր ցանկություն-երազանքներս ի կատար կածվեն. ԲԱՅՑ... 
Ես, այսինքն, ոչ միայն ես, այլև ողջ ընտանիքս ապրում էինք մի բարձրագույն ցանկությունով, մի հավատով, որ ամեն ինչ կլինի, կլինի մեր ուզածով: Բոլորս էլ հույս ունեինք, բոլորս էլ թաքուն վստահ էինք, որ ամենը մեր ուզածով է լինելու, բայց վախենում էինք բարձրաձայնել: 
Մեկ տարի առաջ, գրեթե այս ժամանակ, այնքա՜ն ջերմություն, հավատ ու հույս կար մեր տանը: ԲԱՅՑ... էլի այս բայցը...
Ամեն ինչում ԲԱՅՑն է մեղավոր... Մի օր, մի հույսերով լի օր... չէ, ինչ հույսերով լի օր. մի դաժան, կործանիչ օր փշրվեցին մեր բոլոր երազանքները, տունս սառեց մի տեսակ, կյանքը գույները կորցրեց... 
Երկա՜ր օր, անվերջ թվացող օր... Տանջանք... Ողբում էր հոգիս... Ես կորցրել էի, շա՜տ թանկ բան էի կորցրել՝ ՀԱՎԱՏՍ ու ՀՈՒՅՍՍ... 
ԲԱՅՑ... ախ, էլի այս բայցը... չէի կարող, ես իրավունք չունեի թուլանալ, լացել ու տրտմել. իսկ իմ հարազատնե՞րը: Նրանք մխիթարանքի կարիք ունեին, նրանց ուժ էր պետք, վստահություն... Ես էլ... չէ՞ որ ես միշտ հասկանում եմ կյանքին.... սա էլ բացառություն չէր... ՑԱՎ էր, ապրեցի, չանցավ, բայց... Երևի դա էր ճիշտը: Մենք ենք ուժեղ ուրեմն, որ կյանքը մեզ է տալիս իր բեռներից մի քանիսը: Ինչ արած, երբեմն պետք է օգնենք՝ չնայած չենք ուզում:
Հ.Գ. Կներեք խնդրում եմ նախատոնական այսպիսի օրով նման գրառման համար, բայց ուզում էի անպայման կիսվել, թողնել այս տարուն իր բերածը և Նոր տարի մտնել նոր ցանկություններով ու վճռականությամբ, որ ամեն ինչ լավ է լինելու, հաստատ: 
Գրելուց կրկին վերապրեցի մի քանի րոպե... Հուզվեցի... Վերքս մինչև վերջ հավանաբար չէր սպիացել...

Friday, December 23, 2011

Կիսավիրտուալ, բայց իսկական ընկերներս

Բարև... Ինձ ու ձեզ, ընկերներ: Այսօր կրկին համոզվեցի իմ հաջողակ լինելու մեջ: Ես զգում եմ ինձ այդպես կարելի ասել շատ հաճախակի: Իմ հաջողակ լինելու պատմությունը դեռ ավելի մանրամասն ես կպատմեմ, բայց այսօր այս ուշ ժամին որոշեցի գրել, ավելի ճիշտ ինձ ստիպեց գրել իմ շա՜տ սիրելի ընկերներից մեկը:
Պատմեմ ոնց ծանոթացա նրա հետ: Այս տարվա հունիսին մի միջոցառման ժամանակ իմացա հայկական առաջին միկրոբլոգային կայքի մասին, որի ադմինիստրատորները միանգամից ինձ բանիմաց ու հաճելի թվացին: Դա էր երևի պատճառը, որ մի քանի օր անց որոշեցի այցելել նրանց ստեղծած կայքն ու հետաքրքրվել նրանց կատարած աշխատանքի արդյունքով: Բայց դե, ինչպես կյանքը ցույց տվեց, ես ուղղակի միանգամյա այցելությունով չբավարարվեցի. գրանցվեցի նաև ես: Այնքա՜ն հաճելի մթնոլորտ էր այտեղ տիրում, անծանոթ մարդիկ այնպես ջերմ ինձ ընդունեցին, կարծես իրար հազարավոր տարիներ ճանաչում էինք: :)  Մի քանի անգամ որոշեցի դուրս գալ այդ կայքից, քանզի զգում էի, որ կապվում եմ մարդկանց հետ, որոնց իրականում չեմ ճանաչում. գիտեմ նրանց առօրյան, ծանոթ եմ նրանց ընտանիքին, բայց այդ ամենը՝ վիրտուալ, ցավոք...
Բայց մի օր տեսա նրանց հայտարարությունը, որ որոշել են հանդիպել... Ուռա~: Բայց, այնպես ստացվեց, որ այդ օրը քաղաքից դուրս էի գնացել և ներկա չգտնվեցի (չնայած այդ ժամանակ մտածում էի, որ ավելորդ կլինեմ այդ հանդիպմանը, քանզի նրանցից շատերն արդեն իրական կյանքում ընկերներ էին):
Անցավ որոշ ժամանակ և...
Լրանում էր կայքի առաջնեկների առաջին հանդիպման միամյակը: Իհարկե, քաղցր հուշեր, հարազատ մարդիկ, ովքեր ինչ-ինչ պատճառներով միմյանց երկար ժամանակ չէին հանդիպել: Եվ որոշում. հանդիպում նույն օրը, ավելի մեծ խմբով...
Հանդիպման գնալու թաքուն ցանկություն, որ լսում էի ներսիցս, միևնույն ժամանակ՝ մտավախություն, որ կկորցնեմ այն լավը, որ կար մեջս արդեն հարազատ թվացող մարդկանց նկատմամբ, մյուս կողմից՝ օտար լինելուս մտատանջությունը:
Բայց դե, ներքին ձայնս հաղթեց: Գնացի հանդիպման: Հա, մոռացա ասեմ, որ մի քանի հոգու արդեն տեսել էի դրսում, ճանաչել էի նրանց, բայց չէի մոտեցել:
Հա, վերադառնամ հանդիպմանը: Մի հանդիպում, մի միջավայր, որն ինձ ստիպեց ընդունել, թե որքան լավը կարա լինի հայ երիտասարդությունը, որքան ընկերական, որքան սրտաբաց՝ նոր ընկեր ունենալու հարցում, որքան հոգատար (սա կայքի ադմինիստրատորներից մեկին է հատկապես վերաբերում, ով առանց դույզն-ինչ դժգոհելու  դիմավորեց ու ճանապարհեց խմբի իգական սեռի ներկայացուցիչների մեծ մասին): Շատ երկար չգրեմ, քանզի ինքս չեմ սիրում, երբ երկար ինչ-որ նյութ եմ տեսնում:
Դրական անսպառ էներգիա ստացա ես այդ հանդիպումից, որն ավելի ու ավելի հզորանում էր: Ես սկսեցի մարդկանց վիրտուալ զգալ, սկսեցի կլանել մարդու արձակած լույսը (Սոնայի ժպիտից ա դա գալիս), զգալ հոգատարությունն ու օգնելու պատրաստակամությունը, ընկերությունը...
Ես սիրեցի իմ վիրտուալ ընկերներին, ովքեր հաստատ շա~տ լավ ընկերներ են:
Հ.Գ. Այս նյութը գրեցի ընկերներիցս մեկի անակնկալի ազդեցության տակ. նա ինձ հաճելի անակնկալներ է մատուցում. երգեր է նվիրում ինձ վիրտուալ:
Ապրես, ջա~ն... Դու իսկապես լույս ես...
Մոռացա ասեմ, որ ես ՀԱՋՈՂԱԿ եմ. փաստերից մեկը սա էր: Ես ձեռք եմ բերել ՀՐԱՇԱԼԻ ծանոթներ, որոնց կարող էի և չհանդիպել: Շնորհակալ եմ կյանքից ու իրական-վիրտուալ աշխարհից նմանատիպ առատաձեռն նվերի համար:

Tuesday, December 20, 2011

Յուրահատուկ ընկերս

Բարև, իմ ճերմակ ընկեր: Կրկին որոշեցի կեղտոտել քեզ. ինչ անեմ, երբեմն վատն եմ դառնում: Տխուր եմ ինչ-որ. տխրեցնող հանգամանք կա, իհարկե... Ես էլ, որպեսզի իմ վատ տրամադրությունը չհաղորդեմ շրջապատիս, սովորությանս համաձայն, որոշեցի ցույց չտալ տխրության ոչ մի նշույլ: Բայց, շատ չկարողացա դիմանալ... Ինչ անեմ, ընկերս, էլի դու ես իմ ցավին ընկերակցողը, կներես... Համ էլ դու լավն ես, շա՜տ լավը: Դու հարցեր չես տալիս, միայն լուռ լսում ես, իսկ հետո, եթե ես չուզենամ, չես հիշեցնում իմ վիշտը: Իսկ մարդիկ... այ, նրանց հետ դժվար է, նրանք հետաքրքրասեր են, եսասեր... Իսկ ո՜նց են սիրում դժգոհել, բողոքել, հենց այնպես, ուղղակի... Իսկ ես չեմ սիրում այդպես. անկախ ինձնից  ագրեսիվ եմ դառնում, երբ երիտասարդը, շնչող, ֆիզիկապես առողջ մարդը բողոքում է: Ինքը դժգոհ է կյանքից քիչ է, դեռ իր բացասական էներգիան էլ հաղորդում է շրջապատին, համոզում, որ սա կյանք չի, որ դժոխքում ենք, նորից իրեն վերահամոզում իր իսկ ճշմարտության մեջ և... օրվադ մի մասը փչացավ, փտեց այդ անիմաստ բառերից, այդ հոգնած մարդուց...
Լավն ես դու, ընկերս, իմ սպիտակ, իմ համբերատար ընկեր...
Ես էլ, որպես մարդ, եսասեր եմ՝ ես փոքր ինչ հանգստացա, իսկ քեզ կեղտոտեցի: ԿՆԵՐԵՍ...

Monday, December 12, 2011

ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՄ

Խոստանում եմ ես
Այսուհետ լինել
Ամենաերջանիկը
Եվ բախտավորը:
Թող ճակատագիրը դաժան
Կորչի հավետ.
Ես գրել եմ նորը՝
Ամենա-ամենա բախտավորը:
Թող այսուհետ դուք էլ
Լինեք երջանիկ,
Թող ձեր ճակատագիրը
Գրվի ձեր իսկ ձեռքով,
Բայց միայն բարին:
Թող լինեն խնդիրներ,
Բայց միայն լուծելի,
Թող լինեն անակնկալներ,
Բայց միայն հաճելի,
Թող լինեն գարուններ,
Որ սիրեք միայն...


        Հ.Գ. Սա նախկին գրածներիցս է (16.10.2007 :)) Էջի վերջում <Թաղանթավոր կոնդենսատոր K73-16> կա գրված. հավանաբար, էլի դասի ժամին եմ գրել կամ էլ...


         Միշտ էլ մենք ենք մեր կյանքի տերը, մենք ենք գրում մեր ճակատագիրը, ուստի ավելի լավ է միշտ լավը մտածենք, դրական լիցքերով հաղորդենք շրջապատին ու ստանանք պատասխան դրականը: Երջանիկ լինենք:



Friday, December 9, 2011

Տխրությունն էլ իր գեղեցկությունն ունի

Վերջերս հաճախակի եմ տխրում: Երևի պետք է օրգանիզմդ մի քիչ հանգստանա՝ հո միշտ ուրախ, աշխույժ ու ժպտերես չի լինելու... Թող մի քիչ էլ ինքը հանգստանա. պետք չէ եսասեր լինել:
Այսպես, տխրության օրերին, հաջողակ մարդ կոչվածս, նմանվել էի հայ երիտասարդության մեծամասնությանը. շատ էի դժգոհում, ժպիտս շատ էր հեռացել դեմքիցս, կյանքից էի հոգնել իբր...
Այդպես էլ երևի երկար կշարունակվեր... Բայց, բարեբախտաբար, իմ կյանքում կան մարդիկ, որոնց համար իմ տխրությունը, իմ հոգնածությունն ու ոչ ուրախ ձայնը <աղետ> են: Այդ դեպքում ես ի՞նչ իրավունք ունեմ փչացնել հարազատիս օրը, ով, չնայած իր հոգնած լինելուն, փորձում է ինձ կյանքով լեցուն զրույց պարգևել, ով իր ներկայությամբ իմ կյանքում ստիպում է, որ ժպտամ, որ զսպված արցունքներս փոխվեն երջանկության արցունքների ու հորդան, որ ես ուզենամ ԱՊՐԵԼ...
Այդժամ ես ինչպես չսիրեմ իմ տխրությունը... չէ որ այն էլ իր գեղեցկությունն ունի, մանավանդ երբ ՍԵՐ ես զգում, երբ խոժոռ դեմքիդ  ժպիտ է հայտնվում...
Տխրությունն էլ իր գեղեցկությունն ունի... Հաստատ... ու պետք է վայելել այն...

Ընտանեկան եմ...

Աղանդ, աղանդավոր... Հավատացյալ...
Բառեր, երևույթ, որ միշտ մտածելու ու երբեմն նաև վիճելու առիթ է հանդիսացել:
Նախ, ինչ է հավատը. Պետք է հավատալ ինչ-որ երևույթի, թե անձի: Չգիտեմ, սա երևի այն թեմաներից է, երբ տեղին է ասել՝ ինչքան մարդ, այդքան՝ կարծիք: Ամեն դեպքում, ասեմ իմ կարծիքը. ես հավատում եմ... բայց երբեք հավատս չեմ անձնավորում, երբեք չեմ կապում այն այս կամ այն մարդու, քարոզչության հետ: Երևի դրանից է, որ, մարդկանց միշտ հասկացող, ամեն  դեպքում նրանց դրության մեջ մտնելով, չեմ կարողանում հասկանամ աղանդավորներին:
Մի բան էլ կա. ես չեմ կարդացել Աստվածաշունչը: Գիտեմ, շատերը կզարմանան, շատերը կքարկոծեն, ոմանք էլ կասեն, որ անպայման կարդամ. մեղքս ուղղելի է... Ես էլ հաճախ էի ինձ հանդիմանում չկարդալուս համար, փորձում էի կարդալ, բայց... չէր ստացվում:
Եկավ մի պահ, երբ հասկացա, որ հեչ էլ պարտադիր չէ կարդալ, որ լինես այնպիսին, ինչպիսին պետք է լինես, որ պարտադիր չէ կարդալ, որ հավատաս... ու այսպես շատ ու շատ բաներ...
Ես ձգտում եմ չստել... Չեմ ուզում ստել, այնինչ կարող եմ այնպես խաբել, որ ճշտից ընդհանրապես չտարբերվի. (Կատակ անելուց հաճախ լուրջ դեմքով ստում եմ՝ դիմացինիս ռեակցիան տեսնելու համար, բայց, իհարկե, հետո ասում եմ, որ ստում էի):
Չեմ ուրանում. ինչպես կարող եմ ուրանալ ինձ արված լավությունը. այն հարյուրապատիկ անգամ հատուցման է արժանի:
Դիմացինիս հետ լավ եմ վարվում՝ ամեն պահ ինձ իր տեղը պատկերացնելով... Հաճելի է ուղղակի բարեհամբույր ու սիրալիր լինելը: Հաճախ նման պատասխան էլ ստանում ես:
Ուրիշի ունեցվածքի վրա երբեք աչք չեմ դրել. ես կարող եմ իմն ունենալ՝ իմ իսկ քրտինքով ստեղծված:
Հարգում եմ, պատվում ու սիրում ծնողներիս. նրանք իսկապես արժանի են դրան:
Հա, հարևանի հարսն էլ մերինից լավը չէ. մերը ամենալավն է:  Գնահատում եմ ունեցածս...
Դե ինչ, այսպես կարող եմ երկար շարունակել, բայց դե և անհրաժեշտություն չեմ տեսնում, և՛ պատվիրանները բոլորն անգիր չեմ հիշում (վատն եմ :Դ):
Այսպես էլ ապրում եմ՝ առանց Սուրբ գիրքը կարդալու, առանց պատվիրաններն անգիր իմանալու...
Հետևում եմ ընտանիքիս տված քարոզներին, դաստիարակությանը:
Չեմ գողանում. բավարարվում իմ ունեցածով՝ միշտ ձգտելով այն ավելացնել...
Չեմ սպանում. ճիշտը, բարին պետք է հավերժ ապրեն...
Ես այս մթնոլորտում եմ մեծացել... եթե ինչ-որ քարոզ էլ բարձրաձայն չի ասվել, դա հասկացել եմ իմ կյանքի ընթացքում...
Դե ինչ, մարդիկ, պարտադիր չէ լինել <Հիսուսական>, <Եհովայի վկա> կամ <Հիսունական> (Ի միջի այլոց, մինչև վերջերս չգիտեի, որ դա աղանդ է, կարծում էի մարդիկ բառն են սխալ ասում...), որ հավատ ունենաս, որ <ՄԱՐԴ> լինես կյանքում, իսկական մարդ...
Այսպիսով, ես եկա այն եզրահանգմանը, որ ես էլ <ԸՆՏԱՆԵԿԱՆ> եմ. հետևում եմ միայն ընտանիքիս քարոզներին ու իմ ապրած կյանքի դասերին...
Հ.Գ. Եթե ցանկացողներ կան հետևելու մեր քարոզներին, միացեք :)))

Thursday, December 1, 2011

2011-ի ձմռան առաջին օրը


Նորից ձմեռ... իր ողջ լիազորություններով ձմեռ (օրացույցն է փաստում :)): Ցուրտ է, չնայած ձյուն չկա այսօր: Մի փոքր շտապել էին ձյան փաթիլներն ու աշնանը մեզ հյուր եկել:
Սիրուն էին նրանք, նորահարսի զգեստի պես ճերմակ, մանկան պես ջինջ... ԵԹԵՐԱՅԻՆ էին... Հեքիաթային... ակամայից ցանկություն առաջացավ զգալ հեքիաթի հերոսուհի, վազել, ուրախանալ, հետո կարմրաթուշիկ մտնել տուն, դրական էներգիայով լցնել տիրոջը կարոտող պատերն ու փորձել որքան հնարավոր է երկար պահել մանկության հոտ ունեցող տրամադրությունդ: Դե, հետո իրականություն... Ցուրտ... Սառնություն ներսից... Որքա՜ն երազներ, հույսեր... երջանիկ ապագա...
Խաբեց ձմեռը, ընդամենը փորձեց ժամանակավոր տաքացնել... աչքերին փայլ տալ, դեմքին՝ լայն ժպիտ... Դե, Նոր տարին էր մոտենում... նվեր էր մատուցում խորամանկ Ձմեռը...
Հիմա էլ մի ամբողջ կամ ԸՆԴԱՄԵՆԸ 31 օր մնաց (այս սև ու սպիտակ տարուն):
Մի տեսակ շտապեցնում է դա արդեն. հասցնել անել այն, ինչ պետք է անեիր նախորդ 10 հատ 30 կամ 31, 1 հատ էլ 28 օրերի ընթացքում: Փութալ է պետք, թե՞ հանդարտվել ու համոզել ինքդ քեզ, որ միևնույն է չես հասցի: Իհարկե, որոշումը քոնն է. դու ես քո կյանքի տիրակալը...
Ես, ինչպես միշտ, որոշում եմ փորձել՝ հասցնելու նախատրամադրվածությամբ: Կհասցնեմ , թե չէ, չգիտեմ. գուցե ինչ-որ բաներ տեղափոխվեն հաջորդ տարի (այդպես էլ է պատահում), բայց կփորձեմ, կշտապեմ, կվազեմ, շնչահեղձ կհասնեմ փոքր նպատակիս ու...
Նորից կշնչեմ՝ նոր երազներով ու նպատակներով... երբեմն էլ ենթարկվելով խորամանկ ձմռան խաբուսիկ խաղերին...
Հ.Գ. Թող բոլորիս երազանքներն իրականան, թող միայն պատրանքներով չապրենք, թող որ ՁՄԵՌԸ ԵՐԲԵՔ ՉՍՏԻ...
Մեծն Վիվալդու հնչյուններն էլ թող օգնեն մեզ հասնելու մեր նպատակներին՝ անկախ տարվա եղանակից: :)

Saturday, November 19, 2011

ՀԻՇԻՐ, ՈՐ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՆ ՈՒ ԺՊՏԱ

Լինում են պահեր, երբ քեզ ավելորդ ես զգում այս աշխարհում, այն աստիճան թախծոտ ես լինում, որ կյանքը միայն ու միայն սև ես տեսնում: Այդ պահին մոռանում ես, որ կյանքն ունի շատ ու շատ գույներ, ծիածանի յոթ գույներից էլ շատ: Մոռանում ես սիրելիիդ ծիծաղի գույնը, մայրիկիդ հոգատարության գույնը, հորդ համառության գույնը, եղբորդ սիրո գույնը, քրոջդ նվիրվածության գույնը, հարազատիդ անչափ սիրո գույնը... Դեռ շատ կթվարկեի, բայց չցանկացա շարունակել, քանզի յուրաքանչյուրդ էլ հաստատ գիտեք ու ճանաչում եք դրանք. ոմանք գուցե մի քիչ շատ, ոմանք մի քանի գույն պակաս:
Իհարկե, լինում են պահեր, նույնիսկ կյանքի ինչ-որ հատված, երբ ամեն ինչ թվում է մռայլ, ամեն ինչ ձախողված, քեզ զգում ես աշխարհի ամենադժբախտ մարդը, անհաջողակը, բայց նույնիսկ այդ ժամանակ կյանքը լրիվ չի մատուցում իր սև գույնը, այն սևոտ է երևում, սակայն ցանկության դեպքում կարող ենք տեսնել նաև այլ գույները. ոչ  վառ կարմիրը կամ կանաչը, բայց բաց կապույտ կտեսնենք: Դա մեր հույսի գույնն է, որ շուտով կանցնի մեր թախիծը, մեր դժվարություններին կհաջորդի հաղթանակները: Դե, իսկ շատ գույներ չեն էլ լքում մեզ այդ պահերին նույնիսկ. դրանք թվարկածս գույներն են, որոնք երբեմն սովորական ենք համարում ու չենք գնահատում: Այնինչ առանց դրանց կյանքն իսկապես սև է դառնում ու գույները, կարելի է ասել, վերանում են:
Երբ տխուր ես, երբ քեզ թվում է, թե աշխարհն երես է թեքել քեզնից, ուղղակի հիշի՛ր, որ քեզ սիրում են, որ ինչ-որ մեկը թախծում է քեզ հետ, գուցե շատ ավելի շատ, քան դու, քանզի դու ես նրա համար կյանքը, ժպիտն ու գույները բոլոր:

Tuesday, November 8, 2011

Հանդիպում ԱՅԼՄՈԼՈՐԱԿԱՅԻՆՆԵՐԻ հետ, օր 2

Այլմոլորակայինների հետ բավականին տպավորիչ հանդիպումից հետո ես ուրախ էի զգում միայն այն մտքից, որ արդեն անցյալում է այդ հանդիպումը: Բայց ինձ անակնկալ էր սպասվում, համբերության թեստավորում երկրորդ անգամ: Կրկին հայտնվում եմ արտաքնապես չտարբերվող մոլորակում, որտեղ արդեն ինձ ծանոթ այլմոլորակայիններ են՝ առանց ոսկեծամիկի ու իր ընկերուհու: Ուրախ եմ գոնե դրա համար: Բայց... անակնկալները շարունակվում են... Հայտնվում են նրանք: Նորից ինչ-որ աշխուժություն: Բայց մոլորակի այդ տարածքն այս անգամ փոքր է թվում ընկերուհիներին ու որոշում են այլ տարածքում տեղավորվել՝ մինչ այդ, իհարկե իրենց եռանդն են ի ցույց դնում: Գեղեցկուհու ընկերուհին, որն ըստ իս, ավելի այլ սեռի ներկայացուցիչ կլիներ, խոսալու ընթացքում բարձրանում է մոլորակի՝ ոչ այդքան բարձր աստիճանի վրա ու սկսում թափահարել:
Մտքումս մի միտք է պտտվում, որն անընդհատ ցանկանում էր բարձրաձայնվել՝ <Արդյո՞ք դու աղջիկ ես>: Այս անգամ էլ, արդեն ի զարմանս ինձ, կարողացա զսպել ինձ: Ոչինչ չասեցի, բայց հուշերը մնացին այդ մոլորակի անդամներից, այդ <ԳԵՂԱՆԿԱՐԻՉ>-ներից:
Մնաց նաև ափսոսանքս, որ նրանք մեծանում են <Քուր ջան պպզի>-ներով, <Անմակարդակ են անգլերեն սովորղները> գաղափարներով՝ առանց նշույլ անգամ պատկերացում ունենալու արվեստի իրական աշխարհի մասին:
Դե, իսկ այս մոլորակի անունը մի սովորական երթուղային տաքսի էր, որն ինձ համար կարճ ժամանակով դարձել էր <ԱՅԼ ՄՈԼՈՐԱԿ>, իսկ ուղևորները, բացի երկուսից՝ <ԱՅԼՄՈԼՈՐԱԿԱՅԻՆՆԵՐ>:

Thursday, November 3, 2011

Հանդիպում ԱՅԼՄՈԼՈՐԱԿԱՅԻՆՆԵՐԻ հետ

Այսօր պատահաբար հայտնվեցի նոր աշխարհում: Հա, ասեմ, որ շատ ջանք չպահանջվեց ինձնից դրա համար. ո՛չ տիեզերանավ, ո՛չ երկար նախապատրաստական աշխատանքներ... Հիմա կասեք երնեկ ինձ, ինչ հաջողակն եմ ես, հրաշքի մասնակիցն եմ դարձել, ուրիշ մոլորակի հյուր...
Ավաղ, բայց չեմ կարող հաստատել ձեր մտածածը: Պատմեմ այլմոլորակայինների մասին, իսկ դուք կկռահեք հիասթափությանս պատճառը:
Առաջին հայացքից այլմոլորակայինները կարծես ոչնչով չէին տարբերվում մեզնից: Բայց, առաջին հայացքից միայն. կային բամբասկոտներ նրանց մեջ, մեկը կար, ով բավականին քաղցած էր ու քաղցը հագեցնելու համար քաղցր ձողիկներ էր խռթխռթացնում... նման էին մեզ: Ամեն ինչ փոխվեց, երբ հայտնվեց նա ընկերուհու հետ: Նա, այդ ոսկեփայլ մազերով, հետաքրքիր սանրվածքով աղջնակը. ոսկեծամ գեղեցկուհի... Բայց ամեն ինչ փոխվեց, երբ նա սկսեց խոսել: Կախարդական փայտիկն իր ուժը կորցրեց, ու ոսկեծամ գեղեցկուհին վերածվեց արտաքնապես գեղեցիկ մի վհուկի: Հիմա կասեք, թե ինչպես ես հասկացա նրա խոսքը. չէ որ ես ուրիշ մոլորակում էի. մի՞թե ես հանճար եմ, ով միանգամից հասկացավ այմոլորակայիններին: Շտապեմ պատասխանել, որ ոչ, ես հանճար չեմ ցավոք, ուղղակի նրանք խոսում էին հայերեն, բայց ի՜նչ հայերեն...
Ներկայացնեմ որոշ դրվագներ, իսկ դուք պատկերացում կազմեք իմ վիճակի մասին: Ուրեմն, այս՝ դեռ չբացահայտված գեղեցկուհի վհուկը հայտնվելուն պես սկսեց խոսել ընկուրու հետ ու գրավել բոլորի ուշադրությունը՝
-Քուր ջան, արի ստե, ստե պպզելու տեղ կա, արի պպզի:
-Չէ, սենց լավ ա, ես սիրում եմ կայնել:
Հետո, քանի որ գեղեցկուհուն դեռ ոչ ոք լավ չէր ճանաչում, նա որոշեց ներկայանալ: Խորամանկ քայլ անելով՝ նա նախ խնդրեց, որ իր մոլորակի անդամները ներկայանան: Հասնիկ... հետո ես եմ, բնականաբար լռություն է, հետո ուրախություն...
-Ինքը մեր մոլորակից չէ, ասաց նրանցից մեկը:
Հետո Շուշան, Վարդ, Եղրևանի և այլն: Գեղեցկուհին, իհարկե ուշադրություն չէր դարձնում անուններին, նա միայն ցանկանում էր իրեն ներկայացնել: Ներկայացավ: Հետո գնաց ավելի թեժ խոսակցություն, որն ավելի նման էր գեղեցկուհու մենախոսության: Նա առաջարկեց բողոքել մոլորակից, ղեկավարներից: Առաջարկեց ու սկսեց իր իսկ բողոքները, որոնց, եթե արդար լինես, կարելի է անվանել <խակ խաղողներ>:
Դե, բողոք-մենախոսությունից հետո, երբ սկսեցին արդեն ընդհանուր զրուցել, ես պարզեցի, որ նրանք արվեստաբաններ են, ինչպես իրենք ասեցին՝ ՑՆԴԱԾ արվեստաբաններ, գեղանկարիչներ:
Պատկերացնո՞ւմ եք զարմանքս: Ինձ հանդիպած գեղանկարիչները, արվեստի մարդն, ընդհանրապես, եղել են մեծություններ, սրբություն, յուրահատուկ մտածողությամբ, աուրայով օժտված մարդիկ՝ անկախ տարիքից: Իմ առաջին ծանոթյունն արվեստի, նկարչի, ստեղծագործողի հետ եղել է դպրոցում: Ուսուցիչս՝ յուրահատուկ այդ անձնավորությունը, սովորեցրեց ինձ տեսնել հոգին, նկարի հոգին: Ես սկսեցի զգալ, զգալ նկարչին, ապրել նրա կյանքը՝ նկարը ստեղծելիս, լինել միջնադարում, զգալ Պիկասսոյի վրձնահարվածները, ապրել Վիվալդու գարունը...
Իսկ հիմա, այս մոլորակում, չափանիշներն այլ են: Այդ նորաթուխ, առաջին քայլերն անող <արվեստաբան, ցնդած գեղանկարիչները> ամբողջությամբ այլայլում էին հիշողություններս, արթնացնում բարկությունս:
Ինչևէ, զսպեցի ինձ: Բարեբախտաբար, ափսեն, որի մեջ հայտնվել էի, կանգ  առավ, ու ես հնարավորություն ունեցա իջնել, վերադառնալ իրականություն:

Sunday, October 9, 2011

Քաոսային տրամադրությունս. ես երջանիկ եմ...

             Ինչ-որ բան եմ ուզում: Ի՞նչ: Ես էլ չգիտեմ: Հա, իսկապես չգիտեմ: Շատ հակասական զգացողություւներ ունեմ: Մեկ շատ ուրախ եմ, հետո շատ տխուր եմ, հետո՝ կրկին ուրախ, կարելի է ասել գրեթե երջանիկ: Մի օրվա մեջ շատ չե՞ն փոփոխությունները: Դե, իսկ գլխացավս միակ ինդիկատորն է իմ քաոսային մտքերի, զգացմունքների ու ներկա վիճակի:
            Չգիտեմ էլ ինչու է միշտ այսպես լինում՝ ուրախ-տխուր-ուրախ-մանթո-արդեն կեղծ ուրախ-գլխացավ...
            Ու խեղճ բլոգս ստիպված է ինձ հետ արթուն մնալ այս ուշ ժամին: Էէէ, բոլորին տանջում եմ:
             Ի՞նչ անեմ. միայն բլոգիս եմ ասում, որ երջանիկ եմ. վախենում եմ շատերին ասելուց՝ չեն հասկանա, որ կարելի է այսքան սիրել կյանքը, այդքան սիրել ամեն ինչ: Գիժ կհամարեն ինձ մարդիկ, իսկ երջանկությունս կնեղանա ու կգնա:
            Չնայած, կարծում եմ հաճախ երևում է երջանկությունս: Աչքերիս փայլն ու դեմքիս լայն ժպիտը երևի ինձ մատնում են:
              Ինչևէ, ես երջանիկ եմ: Շատ արտասովոր բաներ չեն կատարվում կյանքումս, ուղղակի միշտ կարողանում եմ գտնել երջանկության այն չամիչը, որ կա իմ կյանքում: Իսկ չամիչ, այն էլ շոկոլադապատ, կա յուրաքանչյուրիդ կյանքում: Մի անտեսեք այն, ուշադիր եղեք ու կշահեք:
             P.S. Միանգամից չգտնելուց, կրկին փորձեք: Սա երևի միակ տարբերակն է, որ կրկին փորձելուց հաստատ անակնկալ կլինի՝ ի տարբերություն շշերի հակառակ կողմի գրված <Կրկին փորձիր>-ներից :Դ

Saturday, October 8, 2011

Բարին և Չարը



Բարի, չար…
Ի՞նչ բառեր են սրանք…
Երկար տարիներ ես իրոք չէի հասկանում այս բառերի իրական իմաստը: Ու որքան երջանիկ էի ես այդ ժամանակ: Ես չէի հասկանում ոչ այն պատճառով, որ տհաս էի կամ ուղղակի ինձ բացատրող չկար. ո՛չ, ամենևին: Ես ուղղակի առիթ չէի ունեցել շփվելու չարի հետ: Չնայած՝ չար ես պատկերացնում էի հեքաթների կախարդներին: Բարին էլ շատ չէի պատկերացնում. դա ինձ համար սովորական բան էր:
Փոքր էի այդ ժամանակ: Քիչ բան էի հասկանում: Հիմա էլ, չնայած, էլի շատ բաներ չեմ հասկանում, բայց, ցավոք, գիտեմ արդեն բարու և չարի տարբերությունը:
Պարզվում է, որ շատ-շատ վաղուց է ստեղծվել այդ հակասությունը: Չգիտեմ, երևի ինչ-որ մեկը մի օր որոշել է տարբերվել մնացածից, առանձնանալ ու ինչ-որ վատ բան է արել, ասենք, ցավ է պատճառել իր նմանին: Վերջինս էլ, քանի որ իր կյանքում նման բան տեսած չկար, որ մարդը մարդուն  վնասի, զարմանքն արտահայտել է ում պատահի: Այդպես տարբերվող ցանկացողը դարձել է հանրահայտ: Իր մասին խոսում էեն ծանոթ ու անծանոթ, ահել ու ջահել, ցանկանում էեն անձամբ ճանաչել բոլորը: Նա հասնում է իր նպատակին: Ինքնաբավարարված, արդեն հանրահայտ մարդը ցանկություն է ունենում ավելի բարձրանալ փառքի աստիճաններով ու սկսում է դրսևորել իր թաքնված ամենավատ հատկությունները: Իհարկե, դրանից հետո մարդիկ սկսում են ավելի շատ խոսել նրա մասին, բայց արդեն շատ վատ են ընդունում նրան, չարանում են նրա նկատմամբ: Այսպես շատերի մոտ է ցանկություն առաջանում ճանաչում ձեռք բերելը՝ անկախ ամեն ինչից. և նրանք գնում են արդեն անցած, փորձված ճանապարհով՝ չարություն անելով: Այսպես ավելանում է չարությունը ողջ աշխարհում: Իսկ այդ շրջանում բարու մասին խոսք չէր գնում, քանի որ դա սովորական էր. այդպես պետք է լիներ:
Իսկ հիմա՞: Հիմա ամբողջովին այլ է պատկերը: Չարը շատ-շատ է արմատացել մարդկանց շրջանում:Արդեն այնպես է դարձել, որ մարդկանց մի ստվար զանգվածի համար չարություն անելը դարձել է օրվա հաց ու ջրի պես մի բան, ցավոք: Բայց, ի ուրախություն ինձ, բարի մարդիկ դեռ կան, համենայն դեպս, իմ շրջապատում շատ են: Նրանք ծանոթի, թե անծանոթի, միշտ պատրաստ են օգնության ձեռք մեկնել, դժվարությունները պատրաստ են միասին հաղթահարել. Նրանց համար դա է ճիշտը, մարդավարին:
Կարծում եմ, իրականում բոլորիս մեջ էլ կան բնավորության բարի ու չար գծեր, սակայն պետք է կարողանալ դրանք ի հայտ բերել, կարողանալ ճիշտ գնահատել: Ես միշտ փորձում եմ մարդկանց մեջ միայն լավ հատկանիշները տեսնել, դրանց վրա կենտրոնանալ: Լավը տեսնելով՝ հաճելի զգացողություններով եմ լցվում դեպի մարդը ու, ինքնըստինքնյան, չար չեմ կարողանում լինել: Իսկ դիմացինս, որքանով էլ վատ հատկությունները շրջապատին ի ցույց հանած մարդ լիներ, ակամայից իմ վերաբերմունքի ազդեցության տակ դառնում է բարի: Այստեղ են ասել. <Ինչ ցանես, այն էլ կհնձես>: Ու ես դառնում եմ ամենաերջանիկ մարդկանցից մեկը. կարողանում եմ մարդու մեջ տեսնել ու արմատացնել բարին, միայն  ու միայն լավը: Դրանից հետո մարդիկ ավելի շատ են ժպտում (ժպիտիս ի պատասխան), փոխվում են նրանց մտքերը. չարը կամաց-կամաց նահանջում է:
Երջանիկ կլինեմ, եթե բարին նորից տարածվելով՝ իսպառ ջնջի չարը երկրի երեսից ու գոնե մեր եկող սերունդն ընդհանրապես չճանաչի չար ասվածը:
Ուղեղիս մեջ իր տաք անկյունն է գտել բարեկամներիցս մեկի գերեզմանաքարին գրված տողերը (հավանաբար նրա խոսքերն են. շատ բարի էր նա). <Բարի եղեք, մարդի՛կ: Բարությունը չի կորչում, այլ մարդուն մարդ է պահում>:
Դե ինչ, մարդիկ, բարի լինենք, ժպտանք իրար ու հաղթենք մեր մեջ եղած չարին…

ԲԱՐԵՎ...

         Բարև... Ասում եմ այս բառն ինձ, ազգիս ու աշխարհին: Միշտ օգտագործել եմ այս բառը  հայության մեջ շատ տարածված ռուսալեզու <Պռիվեեեեետ>-ի փոխարեն մարդկանց օրվա մեջ առաջին անգամ տեսնելուց: Բայց երբ իմացա <Բարև> բառի իմաստը. բարի արև, բարի կյանք, սկսեցի կիրառել բառը իր ողջ հմայքով ու իմաստով: Այնպես ոգևորված եմ ասում բարև, կարծես իմ մաղթանքից է կախված տվյալ մարդու կյանքը, կամ էլ գոնե այդ օրը: :Ճ Ամեն դեպքում, ասում եմ ԲԱՐԵՎ՝ լայն ժպիտով, ամբողջ սրտով ու հավատով, որ մաղթանքս կկատարվի: Ի՞նչ անեմ, մեջս դեռ չի մարել վաղ տարիքից եկող այն հավատը, որ ինչ-որ բանով, իմ փոքր քայլերով կարող եմ ինչ-որ բան փոխել, փոխել դեպի լավը, ցանկալին: Չեմ մեծանում էլի... Բայց ուրախ եմ դրա համար:
Անկեղծ բարևենք իրար, ՄԱՐԴԻ՛Կ...

Wednesday, September 28, 2011

Ինչ-որ մի բան այնպես չի աշխարհում, մարդի՛կ:
Մենք մեզ շատ բան ենք թույլ տալիս, որոշումներ ենք կայացնում ուրիշների փոխարեն, ամեն ինչ հարմարեցնում ենք մեզ, բայց միևնույն պահին էլ դժգոհում կյանքից, ճակատագրից: Իսկ ի՞նչ ասեն էդ դեպքում նրանք, ում փոխարեն մենք ենք որոշում կայացնում, իհարկե, առանց հաշվի առնելու նրանց կարծիքը:
Երկու հասուն, համենայն դեպս, այդպես նախապես երևացող, մարդիկ սիրահարվում են, սիրում (այդպես մտածում են կամ ներշնչում իրենց), հետո որոշում ամուսնանալ:
Դրան հաջորդում է ընտանիքն իսկական, ջերմ դարձնելու հաջորդ քայլը. ունենալ զավակներ: Իսկ հետո՞... Հետոն այն, որ այդ մարդիկ որոշում են, որ իրենք են լինելու այդ՝ նոր աշխարհ եկած մարդու <սեփականատերը>. ի վերջո, իրենք <հասուն> մարդիկ են:
Գոհ լինենք, որ չեն պիտակում նաև <Պատրաստված է> կամ էլ <Made in...>, <Պահպանել մինչև>...
Ինչևէ, մարդ ենք վերջապես... Ուզում ենք մեզ լավ զգալ, երջանիկ լինել... ԵՍԱՍԵՐ ԵՆՔ...
Ոչինչ, որ մեր քմահաճույքների կամ այն բանի համար, որ վերոնշյալ հասուն մարդիկ ուղղակի չեն հասկանում միմյանց, մի անմեղ բալիկ կմեծանա ոչ լիարժեք, քանզի իր կողքին չի լինի իր հայրը կամ մայրը, ում նա շատ սիրում է՝ անկախ նրանց եսասիրությունից: Ի՞նչ արած, փոքր է դեռ, շատ բան չի հասկանում... Իսկ մինչև մեծանա, իր փոխարեն որոշում է իր հայր կամ մայր կոչվածը, իրենցից ով ավելի ուժեղ է... Կյանքում ուժն է միշտ հաղթում...
Դե ինչ, փոքրիկ, դու դեռ պետք է մեծանաս... Հուսամ, որ հետագայում արդեն դու որոշում կկայացնես ու կընտրես քեզ համար ճիշտ տարբերակը...
Իսկ քեզնից տարիներով հեռու գտնվող ծնողիդ գոնե կփորձես հասկանալ... Նա հաստատ քեզ շատ է սիրում ու մինչ քո մեծ դառնալը անիծել է իր ճակատագրին... իհարկե, միշտ հույս ունենալով, որ մի օր կլինես իր կողքին՝ ընդմիշտ:
P.S. Այսօր, շատ ու շատ մարդուկներ աշխարհ եկան: Նրանց ասում եմ բարի գալուստ այս մեծ ու մարդաշատ աշխարհ, թող կյանքը նրանց միայն երջանկություն բերի:
1 տարի առաջ էլ աշխարհ եկավ փոքրիկ Արեգակը... ՇՆՈՐՀԱՎՈՐ տարեդարձդ, փոքրի՛կ: Լինես բախտավոր ու հաջողակ, անհոգ մանկություն քեզ:
Մեծանաս, մեծ տղա դառնաս, բայց երբեք ծնողներիդ նման չլինես՝ ազատություն կտաս սիրելի մարդկանց, թող իրենք որոշեն իրենց կյանքի ուղին...
Մի բան էլ, կներես, որ ծնողներիցդ մեկը հիմա քո կողքին չէ, քեզ հետ չի փչել տորթիդ մոմերը... Միևնույն է, դու նրա սրտում ես, նա քեզ շա՜տ սիրում է...

Tuesday, September 27, 2011

Շնորհավոր, Google

Չնայած որ այսօր չեմ կարողանում դիմադրել իմ քուն կոչվածին, այնուամենայնիվ, չէի կարող քնել՝ առանց Google-ին շնորհավորելու: Այսօր նրա տարեդարձն է: Նա արդեն 13 տարեկան է:
Դե ինչ, GOOGLE ջան, շնորհավոր տարեդարձդ: Քեզ երկար կյանք, միշտ առողջ ու առույգ լինես, զարգացումդ միշտ արագ լինի ու միշտ բարձունքին լինես:
Դու միշտ օգնում ես ինձ... Եղիր միշտ բարի ու միշտ եղիր մեր կողքին... :)
P.S. հասցրի շնորհավորեմ, օրը դեռ չի ավարտվել...
Սալյուուուուուտ...

Monday, September 26, 2011

Ու չնայած յուրաքանչյուր նորմալ մարդ այս ժամին քնած է, եթե, իհարկե, կարևոր աշխատանքի մեջ չէ, ես դեռ արթուն եմ: Ինչ անեմ, եթե մուսաս ալարում ա ժամանակին ինձ հյուր գա... Էսօր էլ որոշեց  սովորականի պես ուշ գալ: Դե, ես էլ հո չէի վռնդի, եկել ա, թող բարով գա: :) Ու ես արագ, շատ արագ գրեցի Գուգլիկիս հանդեպ տածած սիրուս մասին, քանի դեռ մեծարգո հյուրս չէր գնացել: Երբևէ, հավանաբար, կներկայացնեմ նաև սիրուս պարզ խոստովանությունը...
Իսկ ես հաջողակ եմ ամեն դեպքում... միշտ սպասված հյուրեր եմ ունենում, միշտ գեղեցիկն է ինձ ուղեկցում և միշտ գիտեմ, որ առավոտս լուսավոր է լինելու...
Դե ինչ, մարդիկ, բարի գիշեր...
P.S. Էսօր հաջողակ մարդը դեռ իր աստղին չի բարևել, ամոթ է վերջապես...
Իսկ երկնքում ես իմ աստղն ունեմ...

Խզբզա՞նք, թե՝ կյանք...

        Նորից հույսեր, նոր պլաններ... Արդյունքում՝ ինչ-որ խզբզանք...
    Խզբզա՞նք, թե՝ կյանք...
   Իհարկե՛, կյանք... վայրկյաններ, անսահման վայրկյաններ, որոնք վազում են, շտապում ինչ-որ տեղ, իսկ մենք՝ մարդիկս, ուղղակի բաց ենք թողնում նրանց՝ հաճախ առանց գիտակցելու, որ նրանք այլևս չեն վերադառնալու... նեղացել են մեզնից՝ իրենց արհամարհելու համար...
   Բայց... դադարի՛ր փնթփնթալ... Այո՛, հենց դու, մա՛րդ արարած... Ո՞վ ասեց, որ անիմաստ էին այդ վայրկյանները, ո՞վ քեզ համոզեց, որ ոչինչ են դրանք... Ուշադիր եղի՛ր, քո՛ կյանքն է դա՝ այդ անիմաստ ու աննշան վայրկյանները... Այո՛, հենց քո... 
     Դադարի՛ր լինել բոլորը, լինել փնթփնթան, դժգոհ ու ոչնչից չբավարարվող նողկալի մեկը: Փորձիր գնահատել գեթ մեկ վայրկյանը, որն անցավ... Կորցրի՞ր այն... փորձիր մյուսը, հաջորդը... Ի՞նչ, կորցնելուց հետո կամենում ես ամեն կերպ գտնել, հասկանա՞լ այն...               
    Այդպես էլ անցնում է մեր կյանքը... 
   Ի՞նչ է, սկսում ես գնահատել վայրկյանները... Հասկանու՞մ ես կյանքը, ապրել ես ուզում, շնչե՜լ... Բա դժգոհե՞լը.... Մոռացե՞լ էիր, թե արդեն ափսոսում ես սլացող վայրկյանները:
    Հաճելի՞ է կյանք կոչվածը... Բա գույները նրա... կարծես շատ թիթիզ աղջնակ լինի՝ աշխարհի բոլոր հնարավոր ու անհնար գույներով լեցուն... Բայց դու սիրում ես արդեն նրա բոլոր գույները՝ թե՛ վառ կարմիրը, թե՛ պայծառ դեղինը, թե՛ երազկոտ կապույտը, թե՛ փոքր ինչ թախծոտ սևը:
     Դու նրան ես սիրում՝ իր ողջ հմայքով, նրա բույրը... նրա շարժուձևն ու նոր բացվող առավոտը...
        Դու ԿՅԱՆՔԴ ես սիրում...
  Եվ այս անիծված միայնության պատճառով ակամայից որոշեցի կեղտոտել ևս մեկ սպիտակ թուղթ...
  Գոնե թուղթն ինձ  ընկեր կլինի, թեկուզ կարճ ժամանակով, հետո հուշ, որն հիշելուց գուցե և ժպտամ:
  Այդպես էլ չհասկացա այն մարդկանց, ովքեր նախընտրում են միայնությունը, ովքեր երջանիկ են առանձին՝ հեռու բոլորից, ովքեր նախընտրում են վիրտուալ շփումը, ովքեր ժամանակը վատնում են սև արկղի դիմաց՝ ինչ-որ երազած կյանք դիտելով... :(
  Չգիտեմ, նախանձ կա մեջս՝ ոչ շատ, բայց կա... Չնայած, քիչ մը նախանձ, հիասթափություն, շատ սեր ու հրճվանք... Այո, այո. այս ամենը միևնույն երևույթի հանդեպ...
  Խոստովանում եմ՝ նախանձում եմ, երբ տեսնում եմ սիրահար, իսկական սիրահար, մեկը մյուսով ապրող զույգեր, իսկ ես միայնակ եմ... միայնակ՝ այս անսահման, վիթխարի աշխարհում:
  Հիանում եմ միևնույն ժամանակ՝ իրենցով, բնությունով... Այո՛, այդ հզոր, ամենակարող բնությունով, որ ստեղծել է մարդուն, որ ստեղծել է Սեր կոչվածը, որ կարողանա հավերժ ապրել...
  Հիասթափվում եմ նաև... Այո, այդ... ինձանից, առաջին հերթին, երբ մտածում եմ, որ այդքան անարժան եմ, որ բնությունն ինձ երբեմն մոռանում է: Չնայած, գիտակցում եմ նաև, որ հերթս ուղղակի չի եկել... Սպասել է պետք նորից.... Բայց նորից իմ անհանգիստ բնավորությունը... Ու թախիծ... հետո գինի... գրքեր... քուն...
  Եվ արև... Նոր օր, նոր կյանք... ժպիտներ...
  Սիրում եմ կյանքը...  Ապրում եմ...       Երջանիկ եմ... Ու սպասում եմ... քեզ...

Saturday, September 24, 2011

Ո՞վ է մարդն այս աշխարհում...
Գուցե էա՞կ մի ինքնահավան,
Որ ապրում է գեթ այն բանի համար,
Որ ասեն միայն նա կար աշխարհում:
Գուցե՞ նրա համար է նա ապրում այստեղ,
Որ լինեն կյանքում բարին ու չարը,
Որ պայքարեն իրար դեմ բարին ու չարը,
Եվ միշտ հաղթի բարին չարին:
Մի՞գուցե մարդը կյանքն է հենց սիրում,
Իսկ ի՞նչ է կյանքը,
Պայքա՞ր է, ինչ է,
Իսկ գուցե՞ սեր է կյանքը:
Եվ սերն է կյանք,
Իսկ գուցե՞ կյանքն է սեր,
Ես դա չգիտեմ...
Միայն գիտեմ,
Որ սիրում եմ կյանքը
Եվ սերն եմ սիրում կյանքում:
Ապրել եմ ուզում
Ոչ նրա համար,
Որ պետք է ապրեմ,
Քանզի ծնվել եմ,
Այլ նրա համար,
Որ սիրում եմ ես
Կյանքն այս չքնաղ
Եվ նրանում սերն այս հիասքանչ...


20.09.2006թ.











Ինչու...

Տարիներ առաջ մոտս ցանկություն առաջացավ հույզերս, մտորումներս, ինչու չէ, նաև ցանկություններս, թղթին հանձնել... Ու սկսվեց մոլագարի պես գրելս... Գրում էի տանը, դասի ժամանակ (իսկ ես լավ եմ սովորել ու դասերին միշտ ուշադիր եմ եղել, բայց գրելուս մոլուցքն ինձ հաղթում էր :Ճ), տրանսպորտում... ամեն հարմար և անհարմար պահի:
 Ցանկություն կա տարիներ առաջվա մտորումներս կիսել նաև Ձեզ հետ:
Կսկսեմ դրանից, իսկ հետո՝ տեսնենք...
Ամեն դեպքում, բլոգիս գրառումները կշարունակվեն, թե կմնան կիսատ, կախված է միայն Ձեզնից, մարդի՛կ: Ձեր կարծիքները կարևոր են ինձ համար...

ՈՂՋՈՒՅՆ

Բարև, մարդի՛կ...
Ուրախ կլինեմ յուրաքանչյուրիդ ընդունել իմ բլոգում: :)
Նախապես չեմ ասում, որ հետաքրքիր կլինի... Խոստումներ տալ չեմ սիրում... Կյանքը ցույց կտա...