Tuesday, January 15, 2013

Արբած եմ

Բարև, բլոգս:
Շատ է պատահում, որ ցանկություն եմ ունենում գրելու, բայց ափսոսում եմ ժամանակը. ցանկանում եմ երկար հիշել երջանիկ պահերը օրվա:
Այնուամենայնիվ, երբեմն գրում եմ, այնպես որ նեղանալ չկա:
Արբած եմ լինում վերջերս: Հա, դա ես եմ, այն լուրջը, այն մեկը, ով միշտ պլանավորում էր գրեթե ամեն ինչ, ով... այն, ով ասում էր՝ ի՞նչ սիրահարվել:
Իսկ այսօր, այսօր ես արբած եմ:  Երեկ էլ էր այդպես...
Ամենաթու՜նդ խմիչքն է մեղավոր: Ես չէի ուզում, բայց ստացվեց:
Ասում են՝ արբած մարդը ուրա՞խ է: Ես ուրախ չեմ... երջանիկ եմ կամ էլ շա՜տ թախծոտ: Անհասկանալի է: Կյանքի պես է զգացմունքներս արբած վիճակում՝ սև ու սպիտա՜կ: Սպիտակս այնքա՜ն անբիծ է. եթե լինում է իհարկե: Չէ, չեմ դժգոհում, շատ է սպիտակս: Դե, սևի առկայությունն էլ բնական է: Ամենաթունդ գինին էլ կարող է երբեմն կորցնել ազդեցությունը: Իսկ մյուս շիշը բացելը ժամանակ է պահանջում: Ես էլ կամաց-կամաց կախվածություն եմ ձեռք բերում: Այնպես է արդեն լինում, որ հազիվ եմ ինձ զսպում, որ նամակ չգրեմ ու <գինի> չպահանջեմ:
Երկար չգրեմ, քանզի միևնույն է, այն, ինչ զգում եմ, չեմ գրի: Շա՜տ են խճճված զգացմունքներս:
Ինչ անե՞մ, արբած եմ: Քեզնով եմ արբած, քո հմայքով, քո խոսքերով, քո ներկայությամբ:
Քո կա՜րճ, բայց երջանկաբեր ներկայությամբ:


Wednesday, January 9, 2013

Նոր տարիս

 Հայությո՜ւն, շնորհավոր Նոր 2013 տարիդ: Թող այն լինի սիրո,  հաջողությունների, երազանքների իրականացման, բերք ու բարիքի տարի: Թող մեր ընտանիքներում միշտ մանկան ճիչ լինի, հարսանիքի զուռնան ու դհոլը հանգիստ չունենան, թող մեր մայրերի աչքերում միայն երջանկության արցունքներ լինեն, թող...
Գիտեմ, որ շատերի համար արդեն տոներն ավարտվել են, իսկ ես ուշացածի պես բարեմաղթանքներ եմ հղում: Ես ուշացած չեմ համարում շնորհավորանքներս, քանզի այսօր ես ստացա այն, ինչ անհամբեր սպասում էի Ամանորի գիշերը: Երջանիկ էի ամենանոր մի քանի վայրկյաններին, քանզի ընտանիքիս հետ էի դիմավորում մի ամբողջ տարվա՝ 365 օրվա նորամուտը: Բայց... բայց ինչ-որ բան պակասում էր, շատ զգացնող ինչ-որ բան: Ձյուն չկար, որը ի սկզբանե նվազեցրել էր ամանորյա տրամադրության առկայությունը: Բայց դա չէր իմ ներքին թախծի պատճառը: Քո զանգին էի սպասում, որը ձյան փաթիլի պես չեղավ: Կարոտե՜լ էի քեզ անչափ:  
Հպարտությունս, ներքին համոզումս, որ պետք է ապրել առանց քո մասին մտածելու վերադարձրին ինձ իմ սովորական, կորած տրամադրությունը: Համակերպվել էի, որ քեզ համար ես չկամ. այսինքն՝ կամ, բայց չեղածի հաշիվ եմ իմ աչքերով: Սպանող մտքեր, որոնք կրծում են հոգիդ, բայց այդպես էլ չեն ուտում: Այդպես, իմ ուժեղ բնավորությամբ, թողնելով վատ մտքերը անցյալում, լայն ժպիտով սկսեցի օրս:
Իսկ Ժպիտին Կյանքը Ժպիտով է դիմավորում, հաստատ: Տեսա Նրան: Այդպես Նոր տարվա ուշացած, բայց շատ սպասված հրաշքը կատարվեց: Լսեցի այն, ինչից կթռչկոտեի, եթե չվախենայի երջանկությանը վախեցնելուց: Շնորհակալություն, որ նորից ամանորյա նվեր ստացա՝ անգի՜ն ինձ համար: 
Հ.Գ. Մարդի՜կ, հավատացեք հրաշքներին, նրանք կատարվում են:
Սիրե՜ք, որ սիրվեք:
Ժպտացեք. կյանքը լավատեսներին է սիրում: