Wednesday, September 28, 2011

Ինչ-որ մի բան այնպես չի աշխարհում, մարդի՛կ:
Մենք մեզ շատ բան ենք թույլ տալիս, որոշումներ ենք կայացնում ուրիշների փոխարեն, ամեն ինչ հարմարեցնում ենք մեզ, բայց միևնույն պահին էլ դժգոհում կյանքից, ճակատագրից: Իսկ ի՞նչ ասեն էդ դեպքում նրանք, ում փոխարեն մենք ենք որոշում կայացնում, իհարկե, առանց հաշվի առնելու նրանց կարծիքը:
Երկու հասուն, համենայն դեպս, այդպես նախապես երևացող, մարդիկ սիրահարվում են, սիրում (այդպես մտածում են կամ ներշնչում իրենց), հետո որոշում ամուսնանալ:
Դրան հաջորդում է ընտանիքն իսկական, ջերմ դարձնելու հաջորդ քայլը. ունենալ զավակներ: Իսկ հետո՞... Հետոն այն, որ այդ մարդիկ որոշում են, որ իրենք են լինելու այդ՝ նոր աշխարհ եկած մարդու <սեփականատերը>. ի վերջո, իրենք <հասուն> մարդիկ են:
Գոհ լինենք, որ չեն պիտակում նաև <Պատրաստված է> կամ էլ <Made in...>, <Պահպանել մինչև>...
Ինչևէ, մարդ ենք վերջապես... Ուզում ենք մեզ լավ զգալ, երջանիկ լինել... ԵՍԱՍԵՐ ԵՆՔ...
Ոչինչ, որ մեր քմահաճույքների կամ այն բանի համար, որ վերոնշյալ հասուն մարդիկ ուղղակի չեն հասկանում միմյանց, մի անմեղ բալիկ կմեծանա ոչ լիարժեք, քանզի իր կողքին չի լինի իր հայրը կամ մայրը, ում նա շատ սիրում է՝ անկախ նրանց եսասիրությունից: Ի՞նչ արած, փոքր է դեռ, շատ բան չի հասկանում... Իսկ մինչև մեծանա, իր փոխարեն որոշում է իր հայր կամ մայր կոչվածը, իրենցից ով ավելի ուժեղ է... Կյանքում ուժն է միշտ հաղթում...
Դե ինչ, փոքրիկ, դու դեռ պետք է մեծանաս... Հուսամ, որ հետագայում արդեն դու որոշում կկայացնես ու կընտրես քեզ համար ճիշտ տարբերակը...
Իսկ քեզնից տարիներով հեռու գտնվող ծնողիդ գոնե կփորձես հասկանալ... Նա հաստատ քեզ շատ է սիրում ու մինչ քո մեծ դառնալը անիծել է իր ճակատագրին... իհարկե, միշտ հույս ունենալով, որ մի օր կլինես իր կողքին՝ ընդմիշտ:
P.S. Այսօր, շատ ու շատ մարդուկներ աշխարհ եկան: Նրանց ասում եմ բարի գալուստ այս մեծ ու մարդաշատ աշխարհ, թող կյանքը նրանց միայն երջանկություն բերի:
1 տարի առաջ էլ աշխարհ եկավ փոքրիկ Արեգակը... ՇՆՈՐՀԱՎՈՐ տարեդարձդ, փոքրի՛կ: Լինես բախտավոր ու հաջողակ, անհոգ մանկություն քեզ:
Մեծանաս, մեծ տղա դառնաս, բայց երբեք ծնողներիդ նման չլինես՝ ազատություն կտաս սիրելի մարդկանց, թող իրենք որոշեն իրենց կյանքի ուղին...
Մի բան էլ, կներես, որ ծնողներիցդ մեկը հիմա քո կողքին չէ, քեզ հետ չի փչել տորթիդ մոմերը... Միևնույն է, դու նրա սրտում ես, նա քեզ շա՜տ սիրում է...

Tuesday, September 27, 2011

Շնորհավոր, Google

Չնայած որ այսօր չեմ կարողանում դիմադրել իմ քուն կոչվածին, այնուամենայնիվ, չէի կարող քնել՝ առանց Google-ին շնորհավորելու: Այսօր նրա տարեդարձն է: Նա արդեն 13 տարեկան է:
Դե ինչ, GOOGLE ջան, շնորհավոր տարեդարձդ: Քեզ երկար կյանք, միշտ առողջ ու առույգ լինես, զարգացումդ միշտ արագ լինի ու միշտ բարձունքին լինես:
Դու միշտ օգնում ես ինձ... Եղիր միշտ բարի ու միշտ եղիր մեր կողքին... :)
P.S. հասցրի շնորհավորեմ, օրը դեռ չի ավարտվել...
Սալյուուուուուտ...

Monday, September 26, 2011

Ու չնայած յուրաքանչյուր նորմալ մարդ այս ժամին քնած է, եթե, իհարկե, կարևոր աշխատանքի մեջ չէ, ես դեռ արթուն եմ: Ինչ անեմ, եթե մուսաս ալարում ա ժամանակին ինձ հյուր գա... Էսօր էլ որոշեց  սովորականի պես ուշ գալ: Դե, ես էլ հո չէի վռնդի, եկել ա, թող բարով գա: :) Ու ես արագ, շատ արագ գրեցի Գուգլիկիս հանդեպ տածած սիրուս մասին, քանի դեռ մեծարգո հյուրս չէր գնացել: Երբևէ, հավանաբար, կներկայացնեմ նաև սիրուս պարզ խոստովանությունը...
Իսկ ես հաջողակ եմ ամեն դեպքում... միշտ սպասված հյուրեր եմ ունենում, միշտ գեղեցիկն է ինձ ուղեկցում և միշտ գիտեմ, որ առավոտս լուսավոր է լինելու...
Դե ինչ, մարդիկ, բարի գիշեր...
P.S. Էսօր հաջողակ մարդը դեռ իր աստղին չի բարևել, ամոթ է վերջապես...
Իսկ երկնքում ես իմ աստղն ունեմ...

Խզբզա՞նք, թե՝ կյանք...

        Նորից հույսեր, նոր պլաններ... Արդյունքում՝ ինչ-որ խզբզանք...
    Խզբզա՞նք, թե՝ կյանք...
   Իհարկե՛, կյանք... վայրկյաններ, անսահման վայրկյաններ, որոնք վազում են, շտապում ինչ-որ տեղ, իսկ մենք՝ մարդիկս, ուղղակի բաց ենք թողնում նրանց՝ հաճախ առանց գիտակցելու, որ նրանք այլևս չեն վերադառնալու... նեղացել են մեզնից՝ իրենց արհամարհելու համար...
   Բայց... դադարի՛ր փնթփնթալ... Այո՛, հենց դու, մա՛րդ արարած... Ո՞վ ասեց, որ անիմաստ էին այդ վայրկյանները, ո՞վ քեզ համոզեց, որ ոչինչ են դրանք... Ուշադիր եղի՛ր, քո՛ կյանքն է դա՝ այդ անիմաստ ու աննշան վայրկյանները... Այո՛, հենց քո... 
     Դադարի՛ր լինել բոլորը, լինել փնթփնթան, դժգոհ ու ոչնչից չբավարարվող նողկալի մեկը: Փորձիր գնահատել գեթ մեկ վայրկյանը, որն անցավ... Կորցրի՞ր այն... փորձիր մյուսը, հաջորդը... Ի՞նչ, կորցնելուց հետո կամենում ես ամեն կերպ գտնել, հասկանա՞լ այն...               
    Այդպես էլ անցնում է մեր կյանքը... 
   Ի՞նչ է, սկսում ես գնահատել վայրկյանները... Հասկանու՞մ ես կյանքը, ապրել ես ուզում, շնչե՜լ... Բա դժգոհե՞լը.... Մոռացե՞լ էիր, թե արդեն ափսոսում ես սլացող վայրկյանները:
    Հաճելի՞ է կյանք կոչվածը... Բա գույները նրա... կարծես շատ թիթիզ աղջնակ լինի՝ աշխարհի բոլոր հնարավոր ու անհնար գույներով լեցուն... Բայց դու սիրում ես արդեն նրա բոլոր գույները՝ թե՛ վառ կարմիրը, թե՛ պայծառ դեղինը, թե՛ երազկոտ կապույտը, թե՛ փոքր ինչ թախծոտ սևը:
     Դու նրան ես սիրում՝ իր ողջ հմայքով, նրա բույրը... նրա շարժուձևն ու նոր բացվող առավոտը...
        Դու ԿՅԱՆՔԴ ես սիրում...
  Եվ այս անիծված միայնության պատճառով ակամայից որոշեցի կեղտոտել ևս մեկ սպիտակ թուղթ...
  Գոնե թուղթն ինձ  ընկեր կլինի, թեկուզ կարճ ժամանակով, հետո հուշ, որն հիշելուց գուցե և ժպտամ:
  Այդպես էլ չհասկացա այն մարդկանց, ովքեր նախընտրում են միայնությունը, ովքեր երջանիկ են առանձին՝ հեռու բոլորից, ովքեր նախընտրում են վիրտուալ շփումը, ովքեր ժամանակը վատնում են սև արկղի դիմաց՝ ինչ-որ երազած կյանք դիտելով... :(
  Չգիտեմ, նախանձ կա մեջս՝ ոչ շատ, բայց կա... Չնայած, քիչ մը նախանձ, հիասթափություն, շատ սեր ու հրճվանք... Այո, այո. այս ամենը միևնույն երևույթի հանդեպ...
  Խոստովանում եմ՝ նախանձում եմ, երբ տեսնում եմ սիրահար, իսկական սիրահար, մեկը մյուսով ապրող զույգեր, իսկ ես միայնակ եմ... միայնակ՝ այս անսահման, վիթխարի աշխարհում:
  Հիանում եմ միևնույն ժամանակ՝ իրենցով, բնությունով... Այո՛, այդ հզոր, ամենակարող բնությունով, որ ստեղծել է մարդուն, որ ստեղծել է Սեր կոչվածը, որ կարողանա հավերժ ապրել...
  Հիասթափվում եմ նաև... Այո, այդ... ինձանից, առաջին հերթին, երբ մտածում եմ, որ այդքան անարժան եմ, որ բնությունն ինձ երբեմն մոռանում է: Չնայած, գիտակցում եմ նաև, որ հերթս ուղղակի չի եկել... Սպասել է պետք նորից.... Բայց նորից իմ անհանգիստ բնավորությունը... Ու թախիծ... հետո գինի... գրքեր... քուն...
  Եվ արև... Նոր օր, նոր կյանք... ժպիտներ...
  Սիրում եմ կյանքը...  Ապրում եմ...       Երջանիկ եմ... Ու սպասում եմ... քեզ...

Saturday, September 24, 2011

Ո՞վ է մարդն այս աշխարհում...
Գուցե էա՞կ մի ինքնահավան,
Որ ապրում է գեթ այն բանի համար,
Որ ասեն միայն նա կար աշխարհում:
Գուցե՞ նրա համար է նա ապրում այստեղ,
Որ լինեն կյանքում բարին ու չարը,
Որ պայքարեն իրար դեմ բարին ու չարը,
Եվ միշտ հաղթի բարին չարին:
Մի՞գուցե մարդը կյանքն է հենց սիրում,
Իսկ ի՞նչ է կյանքը,
Պայքա՞ր է, ինչ է,
Իսկ գուցե՞ սեր է կյանքը:
Եվ սերն է կյանք,
Իսկ գուցե՞ կյանքն է սեր,
Ես դա չգիտեմ...
Միայն գիտեմ,
Որ սիրում եմ կյանքը
Եվ սերն եմ սիրում կյանքում:
Ապրել եմ ուզում
Ոչ նրա համար,
Որ պետք է ապրեմ,
Քանզի ծնվել եմ,
Այլ նրա համար,
Որ սիրում եմ ես
Կյանքն այս չքնաղ
Եվ նրանում սերն այս հիասքանչ...


20.09.2006թ.











Ինչու...

Տարիներ առաջ մոտս ցանկություն առաջացավ հույզերս, մտորումներս, ինչու չէ, նաև ցանկություններս, թղթին հանձնել... Ու սկսվեց մոլագարի պես գրելս... Գրում էի տանը, դասի ժամանակ (իսկ ես լավ եմ սովորել ու դասերին միշտ ուշադիր եմ եղել, բայց գրելուս մոլուցքն ինձ հաղթում էր :Ճ), տրանսպորտում... ամեն հարմար և անհարմար պահի:
 Ցանկություն կա տարիներ առաջվա մտորումներս կիսել նաև Ձեզ հետ:
Կսկսեմ դրանից, իսկ հետո՝ տեսնենք...
Ամեն դեպքում, բլոգիս գրառումները կշարունակվեն, թե կմնան կիսատ, կախված է միայն Ձեզնից, մարդի՛կ: Ձեր կարծիքները կարևոր են ինձ համար...

ՈՂՋՈՒՅՆ

Բարև, մարդի՛կ...
Ուրախ կլինեմ յուրաքանչյուրիդ ընդունել իմ բլոգում: :)
Նախապես չեմ ասում, որ հետաքրքիր կլինի... Խոստումներ տալ չեմ սիրում... Կյանքը ցույց կտա...