Wednesday, April 4, 2012

Ի՞նչ է ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

Բարի օր, մարդիկ:
Այսօր օրս մի տեսակ թախծոտ սկսեցի: Երջանկության մասին մտորումներ կային իմ առավոտյան շողերում:
Օրս այնպես գնաց, որ շարունակվեց այդ թեման արդեն այլ մարդկանց միջավայրում:
Բավականին խելացի, կյանքի եռանդուն տարիքում գտնվող մարդիկ փորձում էին սահմանել ինչ է իրենց համար երջանկությունը:
Գրեթե բոլորի համար դա մի վիճակ էր, որ բացատրելի չէ, որ կախված է իրավիճակից, որ կարող է տևել մեկ վայրկյան, մի քանի րոպե, մի քանի ժամ:
Հստակ սահմանում կամ ինչ-որ օրինակներ, ցավոք, չլսեցի:
Իսկ ինձ համար երջանկությունը բացատրելի է, իհարկե, ոչ ամբողջությամբ, բայց կարելի է  սահմանել՝ թեկուզ հիմնվելով ինչ-որ օրինակների վրա:
Այսօր, օրինակ, այդ քննարկումներից ավելի տարված մտքերով, ավելի տխուր, քաոսային հոգեվիճակով, հանկարծ տեսա քեզ: Երկար (գրեթե մեկ շաբաթ) բաժանումից հետո անակնկալ հանդիպումն ինձ համար երջանկություն էր: Տեսնել քեզ, լսել ձայնդ, զգալ նաև քո կարոտած հայացքը, տեսնել այդքան արևոտ ժպիտդ... Օրս միանգամից փոխվեց. ժպիտով լցվեց:
Երջանկություն է, երբ անտրամադիր ես, երբ հոգնած ես ինչ-որ բանից, երբ եղանակն էլ նպաստում է օրդ ամբողջովին մռայլ դարձնելուն, իսկ աշխատանքդ միանգամից քեզ անհոգ է դարձնում, երբ ապրում ես աշխատանքային ժամերդ, ոչ թե այն ստիպված սպանում, երբ հասկանում ես, որ աշխատանքդ իրականում մի հաճելի զբաղմունք է, որի համար նաև վարձատրվում ես:
Երջանկություն է նաև, երբ տեսնում ես հարազատիդ երկար բաժանումից հետո, երբ հասնում ես բաղձալի երազանքիդ, երբ հասկանում ես, որ ունես իսկական ընկեր, երբ...
Երջանկության բույրն այսօր զգացի՝ քեզ տեսնելով: Այն գարնանային մեղմ զեփյուռի պես շոյեց ինձ ու գնաց՝ զիջելով իր տեղը հաճելի, կայուն զգացողությունների:
Չգիտեմ, միշտ էլ մարդիկ փորձում են գտնել երջանկությունը, կյանքի իմաստը: Վազում են նրա ետևից, ամեն դժվար ու անհասանելի վայրերում հարցնում նրան, այնինչ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ կոչվածը թաքնված է մեզ շատ մոտ ու անհամբեր սպասում է, երբ ենք վերջապես նրան գտնելու:
Մի անգամ էլ Մեծն Երջանկությունը շշնջաց ականջիս, որ պահմտոցի խաղալ շատ չի սիրում: Այնպես որ, ընկերներ, հաշվեք մինչև տասն ու անցեք ձեր ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆԸ գտնելուն. այն շա՜տ մոտ է:
Երջանիկ եղեք...

Հ.Գ. Սա էլ ուղղակի... սիրում եմ... Դու իմ երջանկությունն ես, ԿՅԱՆՔ...