Monday, January 30, 2012

Սևակագիժ :)

Բարի նոր օր...
Կասե՞ք քնելու ժամ է. գիտեմ, բայց որոշեցի քնելուց առաջ Սևակի բանաստեղծություններից որևէ մեկին հանձնել բլոգիս. թող սովորի սրբություններ պահել, թող իմանա, որ ես՝ սևակագիժս, իրեն վստահում եմ շատ՝ ոչինչ, որ դեռ փոքր է (երեխային բարուրից են դաստիարակում):


ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍԻ ԳԼԽԱՎՈՐԸ

Լսո՞ւմ եք ինձ:
Բավակա՜ն է, 
Հանեցե՛ք ձեր դիմակները:
Հանեցե՛ք,
Որ քամու ձեռքով 
Ձեզ կարոտած օդն ապտակի
Ձեր իսկական դեմքը տխեղծ, 
Եվ շող-շաղափն արեգակի
Սրսկումի նման ծակի
Ընդարմացած ձեր դեմքը խեղճ,
Որի ծանոթ նմանությամբ են հորինված 
(Մի՛ մոռացեք) աստվածները (մի՛ մոռացեք)...
Ամաչեցե՛ք աստվաքներից
Եվ հանեցե՛ք դիմակներըդ,
Բավակա՛ն է:
Ես չեմ կարող նշել ճշտված թվականը
Եվ ժամանակը ճշգըրիտ.
Բայցևայնպես այս հանդեսը,
Որ սկսվել է շա՛տ վաղուց,
Ավարտի է հասնում արդեն...
Բարոյական այն պարապը,
Որ շատ վաղուց
Ամենքիս մեջ հորանջում էր
Կարծես անչար ու անվնաս,
Հիմա արդեն չարչարում է ու տանջում է՝
Վերածվելով մի անհատնում զկրտոցի...
Եվ թույն-փոշին ա՛յն խարտոցի,
Որ բանում է գիշեր ու զօր,
Բանում ինքնին ու ինքնավար,
Նո՛ւյն թույն փոշին հետզհետե
Ամե՜ն ինչի վրա թառում,
Խառնըվում է ամ՜ն ինչի՝
Հացի՛,
Երգի՛,
Մտքի՛,
Շնչի՛:
Եվ խարտվածքի հոտ կփչի
Շուտով արդեն ամե՜ն ինչից՝
Հացի՛ց,
Երգի՛ց,
Մտքի՛ց,
Շնչի՛ց...
Հանեցե՛ք ձեր դիմակները,
Որ գեթ մի քիչ դյուրին շնչե՜լ կարողանաք...
Ինքնե՜րդ ասեք.
Բավական չէ՞
Դուք ձեզանից ձեզ գողանաք
Եվ տեղն ուրիշ մեկին դնեք ձեր փոխանակ:
Բայց չափազանց ճշտապահ է արեգակը.
Երբ որոշյալ ժամը հասնի՝ կլուսանա:
Ձեր արթնացումն այնժամ արդեն
Կնմանվի մի պայթյունի՜,
Մի պայթյունի՛,
Ձե՜զ եմ ասում,
Որից հետո
Լռությունն ու Փոշին պիտի գոտեմարտեն
Չգոյության գահի համար...
Ինչ-որ բանի
Ինքը աշխարհն է սպասում,
Ինչպես մի օր, չիմանալով,
Սուսաննան էր մերկ սպասում... ծերուկներին...
Իսկ դուք եկեք մի՛ սպասեք,
Հանեցե՛ք ձեր դիմակները,
Ճանաչեցե՛ք ինքներըդ ձեզ
Վերջի՜ն անգամ,
Վերջի՜ց առաջ...
Պարն ավարտվել
Ու խաղն արդեն վերջանում է:
Հանեցե՛ք ձեր դիմակները,
Ուշացումի ամե՜ն պահից
Իմ վիճակը
Ձեր փոխարեն լրջանում է,
Որովհետև ինձ է տրված, դժբախտաբար,
Հիշեցնելու ձեզ վերստին ու վերջապես,
Որ ուշացած արթնացումը
Կնմանվի մի պայթյունի՜,
Որից հետո
Լռությունն ու Փոշին պիտի գոտեմարտեն
Չգոյության գահի համար...
Դուք առայժըմ դեռ լսում եք,
Ուստի նաև ի՛նձ լսեցեք
Ու հանեցե՛ք դիմակներըդ.
Արդեն խաղը վերջացա՜ծ է...
Իսկ եթե դեռ պիտի խաղաք,
Է՜հ, խաղացե՛ք, խնդրե՜մ, ինչքան սրտներդ ուզի.
Խաղ խաղացեք ինքներըդ ձեզ ու իրար հետ,
Բայց... առանց ինձ:
Ես այլևըս չեմ մասնակցում
Ո՛չ թե խաղին,
Այլ մինչև իսկ և մատաղի՜ն,
Թե մորթվողը
Մարդկայնություն-մարդությունն է...
Ու ես արդեն ո՛չ բողոքում,
Ո՛չ ողոքում,
Ո՛չ էլ կոկորդս եմ կեղեքում:
Ինչի՞ համար
Կամ ո՞ւմ:
Հիմա
Ես ջանում եմ լոկ... չլինե՛լ՝
Ամբողջովին դառնալ... դիմա՜կ:

Լիցքավորեք ՍԵՐԸ...

ՈՂՋՈՒՅՆ!!!
Ուղղակի շա՜տ ուզեցի, որ այս երգի բառերը ոչ մի սիրող էակի շուրթերից չարտասանվեն:
Եթե ՍԵՐ եք զգացել, ապա մի թողեք, որ այն ժամանակի ընթացքում մարի. ջրեք նրան, սնեք նրան, գուրգուրեք: Մի մոռացեք, խնդրում եմ, դա անել ամեն օր, ամեն հարմար պահի, մի մոռացե՛ք, ինչպես չեք մոռանում լիացքորման միացնել ձեր բջջային հեռախոսը, որ հետո վայելեք սոց. ցանցերի չաթերը:
Ի՞նչ, մոռացաք այսօր լիցքավորել: Ասեմ ոչի՞նչ, վաղը կանես: Ասե՞մ... Բայց վախենամ էլի մոռանաս, մի օր էլ, մյուս օրն էլ... Ա՜խ, այդ ՍԵՐը, հեչ նման չէ հեռախոսին. չես ուզում խոսալ, ալարում ես վեր կենալ ու միացնել լիցքավորման լարին, ոչինչ, հետո կանես. բան չես կորցնում դրանից, իսկ այ ՍԵՐը չի լիցքավորվում նախորդ օրերի փոխարեն, հաճախ չի լրացվում բաց թողնվածը. նրանով հոսանք պետք է անցնի՝ թեկուզ շա՜տ փոքր՝ մկԱ-ի չափ, այլապես...
Չուզեցի շարունակեմ, քանզի հետո պետք է ներկայացնեի, թե որքա՜ն թշվառ է դառնում մարդ առանց սիրո: Իսկ սերն այն շարժիչ ուժն է, որ արյուն է մատակարարում մեր օրգանիզմին, որ շարժում է մեր մկանները, որ արթնացնում է մեր ախորժակը (սիրելի մարդկանց հետ նկատե՞լ եք ինչ ախորժակով եք ուտում, նկատե՞լ եք, որ ուտելը միայն ստամոքսին նվեր չի արվում այդ դեպքում), որ դարձնում է մեզ ուժեղ (սիրում ենք, պետք է ուժեղ լինենք, որ մեր սիրելիներին հանկարծ նեղացնող չլինի, որ միշտ պահապան լինենք նրանց)...
Հ.Գ. Սիրո բոլոր տեսակներն էլ ապրեցնում են, գարուն են նվիրում մեր սրտերին...
ՍԻՐԵ՛Ք, ՄԱՐԴԻ՛Կ... ու կապրեք երկար ու երջանիկ :)

Friday, January 27, 2012

Ծաղրածու... Լացող հոգի...

Ողջույն...
Արդեն հունվարի 28-ն է՝ հայոց բանակի 20 ամյակը: Բայց դեռ չեմ ուզում շնորհավորել ազգիս, ինձ. կանեմ դա լավ տրամադրությամբ. համոզված եմ, որ առավոտյան տրամադրությունս ոչինչ չի իջացնի:
Իմ ծիծաղն էլ եկավ իմ հույսերից ու վստահ որոշումներից: Բայց դե ո՞վ է ինձ արգելում երազել, հույսով ու հավատով ապրել: Իհարկե, կան մարդիկ, այն էլ հարազատ, շատ մտերիմ մարդիկ. մարդիկ, որոնց պատճառած փոքր ցավն անգամ կարող է մահացու թվալ, բայց դե...
ԳԻԺ եմ ես... երևի... ո՞վ է ինձ պես սիրում կյանքը, նույնիսկ, երբ նեղացած է կյանքից, աշխարհից, ո՞վ է իր սրտին ստիպում մոռանալ սեփական վիրավորվածությունն ու մխիթարել վիրավորողին:
Ի՞նչ անեմ, այդպես է ստացվել, չեմ կարողանում ապրել, երբ շրջապատումս տխուր մարդ կա: Առնում եմ նրանց տխրությունն ու անվճար տալիս իմ ուրախությունն: Դրանից է երևի, որ երբեմն սիրտս չի դիմանում ցավին, որ հոգիս մրսում է ջեռուցվող տանը, որ օրգանիզմիս ջրային մասը արցունքների տեսքով դուրս է հորդում:
Կգա ՎԱՂԸ: Դեմքիս ժպիտ անպայման կտեսնեք, խոստանում եմ...
Իսկ սի՞րտս... այն  ստիպված կլինի ձևացնել, թե ուրախ  է,  մինչև վերջնական նորից չզգա երջանկություն...
Այսպես էլ է պատահում, երբ դեմքդ ԺՊՏՈՒՄ է, իսկ հոգիդ՝ ԼԱԼԻՍ... ասես ԾԱՂՐԱԾՈՒ ես...
Հ.Գ. Ամենասիրածս նկարներից. Պիկասո:
Ինձ նման է չէ՞ :)

Կրկին բարև. կներեք

Բարև...
Միայնությունս կիսող միակ իմ ընկեր, իմ բլոգ:
Կներես, որ դու ես արցունքներիս ականատեսն ու սառը մատներիս հետ շփվող ստեղնաշարիս ընկերը: Մի քիչ անկեղծանամ երևի: Գիտե՞ս, մտածում եմ երևի անունդ սխալ եմ ընտրել, կներես: Հա, հաջողակ եմ երևի, գոհ եմ կյանքից, բայց խոստովանեմ, որ իրականում ես այդպես եմ ցանկացել լինել. ինչ-որ տեղ ստացվել է, ինչ-որ տեղ էլ կյանքը ցույց է տվել, որ ինքն է իշխողը: Բայց միևնույն է, ես կյանքի հարվածներն էլ ընդունել եմ որպես մի կոփող դաս ու շնորհակալ եմ եղել, մտածել եմ, որ կարող էր ավելի վատը լիներ:
Բայց... այսօր... հիմա... գոնե անկեղծ լինեմ ինձ հետ ու խոստովանեմ, որ ատում եմ միայնությունը, որ կեսգիշերին ուզում եմ քայլել, ուզում եմ թաց մայթերին թողնել արցունքներս, ցավս, միայնությունս տալ քամուն, որ տանի հեռու-հեռու. ՄԱՐԴՈՒՑ հեռու:   Այն ամենավատ թույնից էլ վատ է. սպանում է ոչ միանգամից, տանջում է հոգիդ, քրքրում ներաշխարհդ: Արգելվում է ԱՆՀԱՄԲԵՐ մարդկանց: Օգտագործելուց առաջ խորհրդակցել ՄԱՀՎԱՆ հետ: Սա էլ այսօրվաս իրականությունը:
Էհ, մարդիկ, դուք տալիս եք թևեր, միևնույն ժամանակ էլ կտրում ոտքեր՝ հնարավորություն չտալով անգամ քայլել. ուր է թե թռչել...



Saturday, January 21, 2012

Միայնությունն էլ երբեմն անհրաժեշտ է, բայց...

Բարև...
Ի՜նչ լավ է, որ կա այս բառը: Ուզում եմ ինչ-որ բան գրել, բայց չգիտեմ ինչ, ինչ բառերով արտահայատվեմ: Դե, բարևն էլ ինձ փրկում է: Սկիզբը կա, բարի սկիզբը: Իսկ ի՞նչ է ուրիշ պետք հաջողակ լինելու համար. իհարկե լավ նախատրամադրվածություն, բարի մտքեր ու հավատ:
Է՜, չի ստացվում գրելս. տխուր եմ մի տեսակ այսօր: Լավ է գնամ տխրությունս վայելեմ, հետո քնեցնեմ նրան ու ուրախ առավոտով շարունակեմ իմ ուրախ կյանքը:
Դե, մեկ անգամ էլ կլսեմ ներքոնշյալն ու կգնամ: Լավ մնացեք ու սիրեք զմիմիանս :)
Միայնությունն էլ երբեմն անհրաժեշտ է, բայց...

Friday, January 20, 2012

Մտքերի շաբաթօրյակ

Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ...
Կամ նաև հիմա, այսպիսին եմ, ի՞նչ արած. մի քիչ լուրջ եմ, մի քիչ <ջրիկ>, մի քիչ ազատ: Իմ խմորն էլ այդպես է հունցվել, հետո ժամանակի ընթացքում մի քիչ հասունացել է, որոշել է շատ չպնդանա: Դե, հետո որոշել է մի քիչ էլ շաքարավազ պահանջի կյանքից. քաղցր յանի շատ չէի սիրում, բայց դե, ժամանակը փոխեց: Դե, խմոր է, պահանջեց, կյանքն էլ հո ժլատ չէր լինելու, տվեց: Տվեց շաքարավազի հատիկներ, որոնք ես ընկալեցի որպես շաքարի կտոր: Երբեմն էլ կյանքը անտրամադիր էր լինում, հավես չէր ունենում նաև իր խմորիկներին մի քանի հատիկ շաքարավազի արժանացնել, ես էլ այդ դեպքում ինքս էի <պոկում> դրանք նրանից: Դրա համար էլ հաճախ սովորական մարդկանց աչքին մի քիչ տարօրինակ կարող եմ երևալ կամ <ոչ հայ>, ով սովոր է ամեն ինչից բողոքել:
Ինչ որ շատ երկարացրի :)
Իսկ ինչպիսի՞ն եմ ես քեզ հանդիպելուց: Ուրիշ, շա՜տ ուրիշ. լուրջ եմ՝ անառիթ, լուռ, իսկ եթե խոսում էլ եմ, ապա կցկտուր, ասես այն արագախոսը չլինեմ:
Բա՞ այտերս. կարմրաթուշիկ եմ:
Աչքե՞րս. փայլում են, տոնածառի լույսեր են իրենց զգում ու պայծառացնում իրենց տիրոջը:
Սի՞րտս... ա՜խ, իմ խեղճ սիրտը. քեզ տեսնելուց հավանաբար զարկում է լույսի արագությամբ:
Չեմ սիրում ինձ, երբ քեզ եմ տեսնում՝ այդ իմ վառվող այտերը, իմ կցկտուր խոսքը, իմ լրջությունը, իմ խանդը, երբ ուրիշի հետ ես խոսում նույնիսկ:
Սիրում եմ նաև ինձ այդ պահերին. ախր քեզ եմ տեսնում կողքիս, քեզ եմ լսում, ուշադիր հայացքդ եմ զգում իմ վրա, չասված խոսքերդ եմ լսում:
Էխ, էլի քաոս է տիրում: Մի օր անհրաժեշտ է վերջապես մտքերի շաբաթօրյակ անել:

Thursday, January 19, 2012

Շնորհավոր, Մարիամ

Բարև...
Այլ բան էի ուզում գրել, բայց միանգամից մտքերս այլ ուղղղությամբ գնացին. դեպի մի շա՜տ լավ մարդու ուղղությամբ: Մի մարդ, ով իսկական ընկեր է, մի մարդ, ով անկեղծ է այս փոշոտ աշխարհում, ով իսկական քույր է, մոր պես է նաև՝ անհրաժեշտ պահերին:
Նա այպիսին է, կարծես նման է բոլորին, բայց նաև ուրիշ է, նրա յուրահատուկ հոգին պետք է տեսնել, պետք է կարողանալ արժանանալ նրա ընկերությանը և նրա անակնկալները քեզ ուղղակի երջանիկ բաղում վայրկյաններ կպարգևեն:
Այսօր նրա ծննդյան տարեդարձն է: Շնորհավո~ր, Մարիամ ջան: Քեզ ցանկանում եմ միայն իսկական երջանկություն, այպիսին, որ առիթ չունենաս կասկածելու երջանկությանդ վրա, դե, մնացած ստանդարտ բարեմաղթանքներն էլ միշտ կա:
Հ.Գ. Նա յուրահատուկ շոկոլադներ է սիրում. ուրեմն նաև շոկոլադային քաղցր կյանք քեզ, իմ շատ սիրելի Մարիամ: :*

Wednesday, January 11, 2012

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Բարև 2012 :) Այս տարվա առաջին գրառումս է ու բավականին լավ օր: Այսօր շնորհակալության միջազգային օրն է: Այս տոնը հռչակվել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի և ՄԱԿ-ի կողմից: Չնայած եթե հռչակված էլ չլիներ, կարծում եմ մենք ամբողջ տարին կնվիրեինք նրան :) Դե ինչ, ես էլ, քանի համաշխարհային է առիթը, կիսվեմ շնորհակալություններովս, որոնք հաճախ չեմ բարձրաձայնում:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Երկիր մոլորակին, որ կա, որ դիմանում է մեր՝ մարդկանց անարգել վայրագություններին ու դեռ պահում է մեզ իր վրա:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ արևին, որ ինձ արթնացնում է իր շողերով. չեմ սիրում մռայլ առավոտները:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ երկուշաբթի օրերին, որոնք ինձ նոր բան սկսելու հնարավորություն են տալիս ամեն շաբաթ. լավ չի, բայց հաճախ նոր բան սկսելս թողնում եմ շաբաթվա սկզբին:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Նոր տարվան, որ երազելու, հրաշքներին հավատալու հույս է ներշնչում:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ընտանիքիս, որ ինձ հետ են, որ այդքան լավն են, որ ապրեցնում են ինձ դժվար պահերին: 
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ի վերջո ինձ. այո՛, ինձ, որ այսպիսին եմ, որ կարողանում եմ տեսնել լավը, զգալ երջանկություն փոքրիկ անակնկալից, սիրել, ժպտալ մարդկանց, որ կարողացել եմ ունենալ լավ ընկերներ, որ տեսել եմ նրանց մեջ այն հզոր էներգիան, այն բացառիկ դերը, որ միայն նրանք ունեն երկրիս վրա, անհատականությունն եմ հաճախ տեսել: Կասեք ինքնագովազդ է, կասեք ընկերներս են լավ մարդիկ, ես ինչ կապ ունեմ. ճիշտ եք, նրանք շա՜տ լավն են. բոլորն էլ լավն են, պետք է միայն տեսնել, պրպտալ ու գտնել այդ լավը:
Իսկ ես երկար ժամանակ այսպիսին չէի. ինձ համար սովորական էր արևն էլ, կյանքն էլ, մարդկանց ժպիտն էլ, ընկերներն էլ: Ժամանակի ընթացքում միայն գնահատեցի յուրաքանչյուր ապրածս օրը: Ուրեմն.
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԺԱՄԱՆԱԿԻՆ...
Հ.Գ. Մի քիչ եսասերիրությունս էլ ի ցույց դրեցի, բայց դե անկեղծ է պետք լինել, առաջին հերթին ինքդ քո առաջ: 
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ մարդիկ, որ դուք կաք. առանց ձեզ ես ոչինչ եմ: