Այսօր որոշեցի վերջապես գրել մտորումներիս, զգացողություններիս մասին և բացահայտել ևս մեկ գաղտնիք, որ ինձ հաջողակ ու երջանիկ զգալու իրավունք է տալիս:
Ես, ինչպես և բոլորը, ունեմ երազանքներ, որոնք ինձ ստիպում են ապրել: Երազանքներ, որոնք մի օր հաստատ իրականություն կդառնան, համոզված եմ:
Իսկ ե՞րբ են երազանքներն իրականություն դառնում: Հիմա կասեք, որ դրանք այնքանով են լավ, որ միշտ հավատում ենք իրականանալուն, իսկ նրանք այդպես էլ մնում են անկատար: Թույլ տվեք չհամաձայնել այդ կարծիքին:
Ցանկացած երազանք միշտ կարելի է դարձնել նպատակ ու ձգտել հասնել դրան: Եվ միայն քրտնաջան աշխատանքի, հստակ որոշված նպատակի դեպքում կարելի է իրականություն դարձնել այդ վերացական երազանքը:
Վերջերս ես այդպես էլ արեցի. երազանքներիցս մեկը նպատակի վերածեցի:Նպատակին հասնելու ամենակարևոր կետերից մեկն էլ կարելի է ասել հստակեցված նպատակն է, երբ գիտես ինչ ես ուզում, ինչի համար ու ինչի ես պատրաստ դրան հասնելու համար: Այդպես, թվում էր գլխավոր քայլն արել էի՝ ունեի հստակ նպատակ, պատրաստ էի վատնելու ժամանակիս վիթխարի մասը, միայն թե խփեի նշանակետին: Այնինչ, արի ու տես, որ ճանապարհի գրեթե սկզբից դժվարություններն իրենց մասին հիշեցրին, վախս արթնացավ... հանգամանքներ, որոնք համառորեն դիմադրում էին իմ բոլոր փորձերին իրեն հաղթելու:
Այդպես ես գետնին հավասարեցված կլինեի նրանց հետ պատերազմում, եթե չլիներ ՆԱ: Մի մարդ, ում ճանաչելուս համար երջանիկ եմ: Երազանքս իրականություն դարձնելու ճանապարհին նա էր, որ ինձ ստիպեց չընկճվել, որ ինձ ստիպեց շարունակել պայքարս: Հաճախ հուսահատությունս այնքան էր գլուխ բարձրացնում, որ հուսահատվում էի ինձնից, իմ կյանքից (Հաջողակ մարդն էլ է ունենում նման զգացողություններ):
Սակայն Նրա շնորհիվ շարունակում էի պայքարս: Տեսնելով ինձ օգնելու նրա ցանկությունը, զգալով երբեմն երևացող նրա հուսահատությունը, որ ինձ մոտ չի ստացվում, միևնույն ժամանակ նրա դրսևորած անկոտրուն կամքը՝ օգնելու երազանքիս հասնելու, ուղղակի ստիպեցին ինձ չհանձնվել, փորձել գնալ մինչև վերջ: Այնպիսի զգացողություն էր մոտս, կարծես իմ երազանքը հետին պլան էր մղվել ու ես պայքարում էի արդեն, քանզի ՆԱ այդքան ջանք էր թափում, կարծես արդեն իմ երազանքը նրա նպատակը լիներ: Ամեն ինչ անում էի, քանի որ նա էր պայքարում արդեն իմ անտանելի ՎԱԽԻ դեմ: Չնայած մի քանի օր տևած ճակատամարտն իրոք ծանր էր, մենք բավարարված էինք, քանզի հաղթանակը մերն էր: Թշնամին՝ այդ ՎԱԽ կոչվածը, ջախջախված էր: Հաղթանակ, բերկրալի հաղթանակ... և այն առաջին հերթին Նրանն էր, քանզի նրա շնորհիվ էր իմ մարտական ոգին վերածնվել:
Այդպես ես հասա նպատակիս... ավելի ճիշտ շահեցի վիթխարի պատերազմի գլխավոր ճակատամարտը:
Դե ինչ, հաջողակ լինելու գաղտնիքներից մեկին էլ ծանոթացաք կյանքիս փոքրիկ դրվագից: Հիշեք, եթե դուք ունեք երազանք, նպատակ, միշտ ձեր կողքին հայտնվում են մարդիկ, հրաշագործներ, ովքեր օգնում են ձեզ իրականացնելու այն: Միշտ ուշադիր եղեք, որ տեսնեք նրանց: Նկատելուց հետո էլ շա՜տ զգոն ու խելամիտ եղեք, որ չկորցնեք նրանց, ամուր բռնվեք նրանցից, քանզի նրանց շնորհիվ դուք կհասնեք հրաշքներին:
Ինձ հանդիպած հրաշագործին շատ չնկարագրեցի, այնինչ կարող էի շա՜տ լավ ու լա՜վ բնութագրեր թվարկել: Դա չեմ անի, քանզի մի օր գուցե նա կարդա գրածս, իսկ ես այդպես չեմ սիրում (թող հանկարծ չմտածի, թե կեղծավորություն էր): Ամենակարևորներից միայն կասեմ, որ նա ունի ուժեղ կամք, շատ բարի է ու ժպտերես:
Շնորհակալ եմ նրանից անչափ...
Ես հաջողակ եմ ահա այսպիսի մարդկանց իմ շրջապատում ունենալու համար:
Հ.Գ. Ես դեռ շատ բան ունեմ անելու, որ վերջնական մարտը շահած համարեմ: Դեռ ունեմ բազում ճակատամարտեր, որոնք հաղթելուց հետո միայն կկարողանամ նպատակս կատարված համարել: Հուսով եմ մարտական շունչը միշտ կմնա հետս:
Հաջողություն ինձ ու ձեզ երազանքից նպատակ երկար ճանապարհի հաղթահարման գործում:



