Sunday, October 9, 2011

Քաոսային տրամադրությունս. ես երջանիկ եմ...

             Ինչ-որ բան եմ ուզում: Ի՞նչ: Ես էլ չգիտեմ: Հա, իսկապես չգիտեմ: Շատ հակասական զգացողություւներ ունեմ: Մեկ շատ ուրախ եմ, հետո շատ տխուր եմ, հետո՝ կրկին ուրախ, կարելի է ասել գրեթե երջանիկ: Մի օրվա մեջ շատ չե՞ն փոփոխությունները: Դե, իսկ գլխացավս միակ ինդիկատորն է իմ քաոսային մտքերի, զգացմունքների ու ներկա վիճակի:
            Չգիտեմ էլ ինչու է միշտ այսպես լինում՝ ուրախ-տխուր-ուրախ-մանթո-արդեն կեղծ ուրախ-գլխացավ...
            Ու խեղճ բլոգս ստիպված է ինձ հետ արթուն մնալ այս ուշ ժամին: Էէէ, բոլորին տանջում եմ:
             Ի՞նչ անեմ. միայն բլոգիս եմ ասում, որ երջանիկ եմ. վախենում եմ շատերին ասելուց՝ չեն հասկանա, որ կարելի է այսքան սիրել կյանքը, այդքան սիրել ամեն ինչ: Գիժ կհամարեն ինձ մարդիկ, իսկ երջանկությունս կնեղանա ու կգնա:
            Չնայած, կարծում եմ հաճախ երևում է երջանկությունս: Աչքերիս փայլն ու դեմքիս լայն ժպիտը երևի ինձ մատնում են:
              Ինչևէ, ես երջանիկ եմ: Շատ արտասովոր բաներ չեն կատարվում կյանքումս, ուղղակի միշտ կարողանում եմ գտնել երջանկության այն չամիչը, որ կա իմ կյանքում: Իսկ չամիչ, այն էլ շոկոլադապատ, կա յուրաքանչյուրիդ կյանքում: Մի անտեսեք այն, ուշադիր եղեք ու կշահեք:
             P.S. Միանգամից չգտնելուց, կրկին փորձեք: Սա երևի միակ տարբերակն է, որ կրկին փորձելուց հաստատ անակնկալ կլինի՝ ի տարբերություն շշերի հակառակ կողմի գրված <Կրկին փորձիր>-ներից :Դ

Saturday, October 8, 2011

Բարին և Չարը



Բարի, չար…
Ի՞նչ բառեր են սրանք…
Երկար տարիներ ես իրոք չէի հասկանում այս բառերի իրական իմաստը: Ու որքան երջանիկ էի ես այդ ժամանակ: Ես չէի հասկանում ոչ այն պատճառով, որ տհաս էի կամ ուղղակի ինձ բացատրող չկար. ո՛չ, ամենևին: Ես ուղղակի առիթ չէի ունեցել շփվելու չարի հետ: Չնայած՝ չար ես պատկերացնում էի հեքաթների կախարդներին: Բարին էլ շատ չէի պատկերացնում. դա ինձ համար սովորական բան էր:
Փոքր էի այդ ժամանակ: Քիչ բան էի հասկանում: Հիմա էլ, չնայած, էլի շատ բաներ չեմ հասկանում, բայց, ցավոք, գիտեմ արդեն բարու և չարի տարբերությունը:
Պարզվում է, որ շատ-շատ վաղուց է ստեղծվել այդ հակասությունը: Չգիտեմ, երևի ինչ-որ մեկը մի օր որոշել է տարբերվել մնացածից, առանձնանալ ու ինչ-որ վատ բան է արել, ասենք, ցավ է պատճառել իր նմանին: Վերջինս էլ, քանի որ իր կյանքում նման բան տեսած չկար, որ մարդը մարդուն  վնասի, զարմանքն արտահայտել է ում պատահի: Այդպես տարբերվող ցանկացողը դարձել է հանրահայտ: Իր մասին խոսում էեն ծանոթ ու անծանոթ, ահել ու ջահել, ցանկանում էեն անձամբ ճանաչել բոլորը: Նա հասնում է իր նպատակին: Ինքնաբավարարված, արդեն հանրահայտ մարդը ցանկություն է ունենում ավելի բարձրանալ փառքի աստիճաններով ու սկսում է դրսևորել իր թաքնված ամենավատ հատկությունները: Իհարկե, դրանից հետո մարդիկ սկսում են ավելի շատ խոսել նրա մասին, բայց արդեն շատ վատ են ընդունում նրան, չարանում են նրա նկատմամբ: Այսպես շատերի մոտ է ցանկություն առաջանում ճանաչում ձեռք բերելը՝ անկախ ամեն ինչից. և նրանք գնում են արդեն անցած, փորձված ճանապարհով՝ չարություն անելով: Այսպես ավելանում է չարությունը ողջ աշխարհում: Իսկ այդ շրջանում բարու մասին խոսք չէր գնում, քանի որ դա սովորական էր. այդպես պետք է լիներ:
Իսկ հիմա՞: Հիմա ամբողջովին այլ է պատկերը: Չարը շատ-շատ է արմատացել մարդկանց շրջանում:Արդեն այնպես է դարձել, որ մարդկանց մի ստվար զանգվածի համար չարություն անելը դարձել է օրվա հաց ու ջրի պես մի բան, ցավոք: Բայց, ի ուրախություն ինձ, բարի մարդիկ դեռ կան, համենայն դեպս, իմ շրջապատում շատ են: Նրանք ծանոթի, թե անծանոթի, միշտ պատրաստ են օգնության ձեռք մեկնել, դժվարությունները պատրաստ են միասին հաղթահարել. Նրանց համար դա է ճիշտը, մարդավարին:
Կարծում եմ, իրականում բոլորիս մեջ էլ կան բնավորության բարի ու չար գծեր, սակայն պետք է կարողանալ դրանք ի հայտ բերել, կարողանալ ճիշտ գնահատել: Ես միշտ փորձում եմ մարդկանց մեջ միայն լավ հատկանիշները տեսնել, դրանց վրա կենտրոնանալ: Լավը տեսնելով՝ հաճելի զգացողություններով եմ լցվում դեպի մարդը ու, ինքնըստինքնյան, չար չեմ կարողանում լինել: Իսկ դիմացինս, որքանով էլ վատ հատկությունները շրջապատին ի ցույց հանած մարդ լիներ, ակամայից իմ վերաբերմունքի ազդեցության տակ դառնում է բարի: Այստեղ են ասել. <Ինչ ցանես, այն էլ կհնձես>: Ու ես դառնում եմ ամենաերջանիկ մարդկանցից մեկը. կարողանում եմ մարդու մեջ տեսնել ու արմատացնել բարին, միայն  ու միայն լավը: Դրանից հետո մարդիկ ավելի շատ են ժպտում (ժպիտիս ի պատասխան), փոխվում են նրանց մտքերը. չարը կամաց-կամաց նահանջում է:
Երջանիկ կլինեմ, եթե բարին նորից տարածվելով՝ իսպառ ջնջի չարը երկրի երեսից ու գոնե մեր եկող սերունդն ընդհանրապես չճանաչի չար ասվածը:
Ուղեղիս մեջ իր տաք անկյունն է գտել բարեկամներիցս մեկի գերեզմանաքարին գրված տողերը (հավանաբար նրա խոսքերն են. շատ բարի էր նա). <Բարի եղեք, մարդի՛կ: Բարությունը չի կորչում, այլ մարդուն մարդ է պահում>:
Դե ինչ, մարդիկ, բարի լինենք, ժպտանք իրար ու հաղթենք մեր մեջ եղած չարին…

ԲԱՐԵՎ...

         Բարև... Ասում եմ այս բառն ինձ, ազգիս ու աշխարհին: Միշտ օգտագործել եմ այս բառը  հայության մեջ շատ տարածված ռուսալեզու <Պռիվեեեեետ>-ի փոխարեն մարդկանց օրվա մեջ առաջին անգամ տեսնելուց: Բայց երբ իմացա <Բարև> բառի իմաստը. բարի արև, բարի կյանք, սկսեցի կիրառել բառը իր ողջ հմայքով ու իմաստով: Այնպես ոգևորված եմ ասում բարև, կարծես իմ մաղթանքից է կախված տվյալ մարդու կյանքը, կամ էլ գոնե այդ օրը: :Ճ Ամեն դեպքում, ասում եմ ԲԱՐԵՎ՝ լայն ժպիտով, ամբողջ սրտով ու հավատով, որ մաղթանքս կկատարվի: Ի՞նչ անեմ, մեջս դեռ չի մարել վաղ տարիքից եկող այն հավատը, որ ինչ-որ բանով, իմ փոքր քայլերով կարող եմ ինչ-որ բան փոխել, փոխել դեպի լավը, ցանկալին: Չեմ մեծանում էլի... Բայց ուրախ եմ դրա համար:
Անկեղծ բարևենք իրար, ՄԱՐԴԻ՛Կ...