Wednesday, June 6, 2012

ՉԵՄ ԹՈՂՆԵԼՈՒ... ԱԳԱՀՆԵՐ

Այսօր ավանդական, սրտանց բարևի փոխարեն թույլ տվեք ասեմ Ներողություն: Այո՛: Ներեք, խնդրում եմ, գրառմանս համար, քանզի այն շատերին, եթե ոչ բոլորին, ով կկարդա,  տխրություն է անվճար բաժանելու:
Նպատակս, իհարկե, հայությանս տխրեցնելը չէ բնավ: Ուղղակի մտքերս ուզում եմ այս սպիտակ, անիրական թղթին հանձնեմ, որ գնան կորեն, որ հանկարծ իրականություն չդառնան:
Պատերազմ... Արյո՜ւն... Աղաղակներ...
Վերջին օրերի լուրերն ուղղակի խոցում են սիրտս, արթնացնում քնած կոպտությունս, պայքարի ոգիս:
Խառն են շատ մտքերս, ցիրուցան եղած: Մեկ կարծում եմ, որ շատ լուրջ չէ, մեկ էլ բռնում ինձ այն մտքի վրա, որ շուտով... Չէ... Ոչինչ էլ չի լինի, չպետք է լինի, ՉԵՆՔ ԹՈՂՆԻ...
Մտածում եմ բա ընտանի՞քս: Հետո մտածում եմ, որ կարող ենք այլ երկիր գնալ, որտեղ համեմատաբար հանգիստ կլինի...
Չէ՜, չմտածեք փախչել եմ ուզում: ԱՄԵՆԵՎԻ՛Ն... Բա իմ հո՞ղը, բա իմ տո՞ւնը: Իսկ այդ հողի համար հայն է պատերազմել, այդ տան համար ընտանիքիս անդամն է պայքար մղել, այդ հողի համար... ես ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՍ եմ զոհել... ՉԵ՛Մ ԳՆԱ հանգիստ վայր:
ԿԳՆԱ՛Մ պայքար մղելու, եթե...
Կգնա՛մ, կգնամ ոչ թե մեռնելու հերոսի մահով, այլ պայքարելու, հաղթելու, ԱՊՐԵԼՈՒ նոր  խաղաքարտ շահած ետ վերադառնալու...


Ոխերիմ թշնամիս դեռ կիմանա իմ մակության կողոպուտի գինը, եթե...


Չէ, չեմ ուզում այն բարձրաձայնել, ցույց տալ, բնավ...
Բայց եթե ստիպեն... ևս մեկ անգամ կիմանան ՀԱՅԻ ուժը, հիշաչար մանկան կռիվը կորցրած խաղալիքի համար, վա՜խը մանկան՝ ընտանիքի անդամին կորցնելու թաքո՜ն վա՜խը...


Հ.Գ. Կներեք, եթե ինչ-որ կերպ վախ, ցավ, բարկություն, տխրություն հաղորդեցի:
Բայց սիրտս ցավում է, մղկտում ամեն կորստի համար, ՄԱՐԴԿԱՅԻՆ կորստի համար: Մեղավոր եմ ինձ զգում, որ ես հիմա կարող եմ երգ լսել, չաթում զրուցել ծանոթիս հետ, իսկ հեռվում... Իսկ հեռվում իմ անցած մանկությունն է կրկնվում այլ, ՀԱՅ մանուկների համար, անմեղ մանուկների համար:
ՉԵ՛ՆՔ ԹՈՂՆԵԼՈՒ, ԻՄԱՑԵ՛Ք, ԱԳԱՀՆԵ՛Ր...