Friday, January 20, 2012

Մտքերի շաբաթօրյակ

Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ...
Կամ նաև հիմա, այսպիսին եմ, ի՞նչ արած. մի քիչ լուրջ եմ, մի քիչ <ջրիկ>, մի քիչ ազատ: Իմ խմորն էլ այդպես է հունցվել, հետո ժամանակի ընթացքում մի քիչ հասունացել է, որոշել է շատ չպնդանա: Դե, հետո որոշել է մի քիչ էլ շաքարավազ պահանջի կյանքից. քաղցր յանի շատ չէի սիրում, բայց դե, ժամանակը փոխեց: Դե, խմոր է, պահանջեց, կյանքն էլ հո ժլատ չէր լինելու, տվեց: Տվեց շաքարավազի հատիկներ, որոնք ես ընկալեցի որպես շաքարի կտոր: Երբեմն էլ կյանքը անտրամադիր էր լինում, հավես չէր ունենում նաև իր խմորիկներին մի քանի հատիկ շաքարավազի արժանացնել, ես էլ այդ դեպքում ինքս էի <պոկում> դրանք նրանից: Դրա համար էլ հաճախ սովորական մարդկանց աչքին մի քիչ տարօրինակ կարող եմ երևալ կամ <ոչ հայ>, ով սովոր է ամեն ինչից բողոքել:
Ինչ որ շատ երկարացրի :)
Իսկ ինչպիսի՞ն եմ ես քեզ հանդիպելուց: Ուրիշ, շա՜տ ուրիշ. լուրջ եմ՝ անառիթ, լուռ, իսկ եթե խոսում էլ եմ, ապա կցկտուր, ասես այն արագախոսը չլինեմ:
Բա՞ այտերս. կարմրաթուշիկ եմ:
Աչքե՞րս. փայլում են, տոնածառի լույսեր են իրենց զգում ու պայծառացնում իրենց տիրոջը:
Սի՞րտս... ա՜խ, իմ խեղճ սիրտը. քեզ տեսնելուց հավանաբար զարկում է լույսի արագությամբ:
Չեմ սիրում ինձ, երբ քեզ եմ տեսնում՝ այդ իմ վառվող այտերը, իմ կցկտուր խոսքը, իմ լրջությունը, իմ խանդը, երբ ուրիշի հետ ես խոսում նույնիսկ:
Սիրում եմ նաև ինձ այդ պահերին. ախր քեզ եմ տեսնում կողքիս, քեզ եմ լսում, ուշադիր հայացքդ եմ զգում իմ վրա, չասված խոսքերդ եմ լսում:
Էխ, էլի քաոս է տիրում: Մի օր անհրաժեշտ է վերջապես մտքերի շաբաթօրյակ անել:

No comments:

Post a Comment