Լինում են պահեր, երբ քեզ ավելորդ ես զգում այս աշխարհում, այն աստիճան թախծոտ ես լինում, որ կյանքը միայն ու միայն սև ես տեսնում: Այդ պահին մոռանում ես, որ կյանքն ունի շատ ու շատ գույներ, ծիածանի յոթ գույներից էլ շատ: Մոռանում ես սիրելիիդ ծիծաղի գույնը, մայրիկիդ հոգատարության գույնը, հորդ համառության գույնը, եղբորդ սիրո գույնը, քրոջդ նվիրվածության գույնը, հարազատիդ անչափ սիրո գույնը... Դեռ շատ կթվարկեի, բայց չցանկացա շարունակել, քանզի յուրաքանչյուրդ էլ հաստատ գիտեք ու ճանաչում եք դրանք. ոմանք գուցե մի քիչ շատ, ոմանք մի քանի գույն պակաս:
Իհարկե, լինում են պահեր, նույնիսկ կյանքի ինչ-որ հատված, երբ ամեն ինչ թվում է մռայլ, ամեն ինչ ձախողված, քեզ զգում ես աշխարհի ամենադժբախտ մարդը, անհաջողակը, բայց նույնիսկ այդ ժամանակ կյանքը լրիվ չի մատուցում իր սև գույնը, այն սևոտ է երևում, սակայն ցանկության դեպքում կարող ենք տեսնել նաև այլ գույները. ոչ վառ կարմիրը կամ կանաչը, բայց բաց կապույտ կտեսնենք: Դա մեր հույսի գույնն է, որ շուտով կանցնի մեր թախիծը, մեր դժվարություններին կհաջորդի հաղթանակները: Դե, իսկ շատ գույներ չեն էլ լքում մեզ այդ պահերին նույնիսկ. դրանք թվարկածս գույներն են, որոնք երբեմն սովորական ենք համարում ու չենք գնահատում: Այնինչ առանց դրանց կյանքն իսկապես սև է դառնում ու գույները, կարելի է ասել, վերանում են:
Երբ տխուր ես, երբ քեզ թվում է, թե աշխարհն երես է թեքել քեզնից, ուղղակի հիշի՛ր, որ քեզ սիրում են, որ ինչ-որ մեկը թախծում է քեզ հետ, գուցե շատ ավելի շատ, քան դու, քանզի դու ես նրա համար կյանքը, ժպիտն ու գույները բոլոր:
No comments:
Post a Comment