Thursday, November 3, 2011

Հանդիպում ԱՅԼՄՈԼՈՐԱԿԱՅԻՆՆԵՐԻ հետ

Այսօր պատահաբար հայտնվեցի նոր աշխարհում: Հա, ասեմ, որ շատ ջանք չպահանջվեց ինձնից դրա համար. ո՛չ տիեզերանավ, ո՛չ երկար նախապատրաստական աշխատանքներ... Հիմա կասեք երնեկ ինձ, ինչ հաջողակն եմ ես, հրաշքի մասնակիցն եմ դարձել, ուրիշ մոլորակի հյուր...
Ավաղ, բայց չեմ կարող հաստատել ձեր մտածածը: Պատմեմ այլմոլորակայինների մասին, իսկ դուք կկռահեք հիասթափությանս պատճառը:
Առաջին հայացքից այլմոլորակայինները կարծես ոչնչով չէին տարբերվում մեզնից: Բայց, առաջին հայացքից միայն. կային բամբասկոտներ նրանց մեջ, մեկը կար, ով բավականին քաղցած էր ու քաղցը հագեցնելու համար քաղցր ձողիկներ էր խռթխռթացնում... նման էին մեզ: Ամեն ինչ փոխվեց, երբ հայտնվեց նա ընկերուհու հետ: Նա, այդ ոսկեփայլ մազերով, հետաքրքիր սանրվածքով աղջնակը. ոսկեծամ գեղեցկուհի... Բայց ամեն ինչ փոխվեց, երբ նա սկսեց խոսել: Կախարդական փայտիկն իր ուժը կորցրեց, ու ոսկեծամ գեղեցկուհին վերածվեց արտաքնապես գեղեցիկ մի վհուկի: Հիմա կասեք, թե ինչպես ես հասկացա նրա խոսքը. չէ որ ես ուրիշ մոլորակում էի. մի՞թե ես հանճար եմ, ով միանգամից հասկացավ այմոլորակայիններին: Շտապեմ պատասխանել, որ ոչ, ես հանճար չեմ ցավոք, ուղղակի նրանք խոսում էին հայերեն, բայց ի՜նչ հայերեն...
Ներկայացնեմ որոշ դրվագներ, իսկ դուք պատկերացում կազմեք իմ վիճակի մասին: Ուրեմն, այս՝ դեռ չբացահայտված գեղեցկուհի վհուկը հայտնվելուն պես սկսեց խոսել ընկուրու հետ ու գրավել բոլորի ուշադրությունը՝
-Քուր ջան, արի ստե, ստե պպզելու տեղ կա, արի պպզի:
-Չէ, սենց լավ ա, ես սիրում եմ կայնել:
Հետո, քանի որ գեղեցկուհուն դեռ ոչ ոք լավ չէր ճանաչում, նա որոշեց ներկայանալ: Խորամանկ քայլ անելով՝ նա նախ խնդրեց, որ իր մոլորակի անդամները ներկայանան: Հասնիկ... հետո ես եմ, բնականաբար լռություն է, հետո ուրախություն...
-Ինքը մեր մոլորակից չէ, ասաց նրանցից մեկը:
Հետո Շուշան, Վարդ, Եղրևանի և այլն: Գեղեցկուհին, իհարկե ուշադրություն չէր դարձնում անուններին, նա միայն ցանկանում էր իրեն ներկայացնել: Ներկայացավ: Հետո գնաց ավելի թեժ խոսակցություն, որն ավելի նման էր գեղեցկուհու մենախոսության: Նա առաջարկեց բողոքել մոլորակից, ղեկավարներից: Առաջարկեց ու սկսեց իր իսկ բողոքները, որոնց, եթե արդար լինես, կարելի է անվանել <խակ խաղողներ>:
Դե, բողոք-մենախոսությունից հետո, երբ սկսեցին արդեն ընդհանուր զրուցել, ես պարզեցի, որ նրանք արվեստաբաններ են, ինչպես իրենք ասեցին՝ ՑՆԴԱԾ արվեստաբաններ, գեղանկարիչներ:
Պատկերացնո՞ւմ եք զարմանքս: Ինձ հանդիպած գեղանկարիչները, արվեստի մարդն, ընդհանրապես, եղել են մեծություններ, սրբություն, յուրահատուկ մտածողությամբ, աուրայով օժտված մարդիկ՝ անկախ տարիքից: Իմ առաջին ծանոթյունն արվեստի, նկարչի, ստեղծագործողի հետ եղել է դպրոցում: Ուսուցիչս՝ յուրահատուկ այդ անձնավորությունը, սովորեցրեց ինձ տեսնել հոգին, նկարի հոգին: Ես սկսեցի զգալ, զգալ նկարչին, ապրել նրա կյանքը՝ նկարը ստեղծելիս, լինել միջնադարում, զգալ Պիկասսոյի վրձնահարվածները, ապրել Վիվալդու գարունը...
Իսկ հիմա, այս մոլորակում, չափանիշներն այլ են: Այդ նորաթուխ, առաջին քայլերն անող <արվեստաբան, ցնդած գեղանկարիչները> ամբողջությամբ այլայլում էին հիշողություններս, արթնացնում բարկությունս:
Ինչևէ, զսպեցի ինձ: Բարեբախտաբար, ափսեն, որի մեջ հայտնվել էի, կանգ  առավ, ու ես հնարավորություն ունեցա իջնել, վերադառնալ իրականություն:

No comments:

Post a Comment