Saturday, October 8, 2011

Բարին և Չարը



Բարի, չար…
Ի՞նչ բառեր են սրանք…
Երկար տարիներ ես իրոք չէի հասկանում այս բառերի իրական իմաստը: Ու որքան երջանիկ էի ես այդ ժամանակ: Ես չէի հասկանում ոչ այն պատճառով, որ տհաս էի կամ ուղղակի ինձ բացատրող չկար. ո՛չ, ամենևին: Ես ուղղակի առիթ չէի ունեցել շփվելու չարի հետ: Չնայած՝ չար ես պատկերացնում էի հեքաթների կախարդներին: Բարին էլ շատ չէի պատկերացնում. դա ինձ համար սովորական բան էր:
Փոքր էի այդ ժամանակ: Քիչ բան էի հասկանում: Հիմա էլ, չնայած, էլի շատ բաներ չեմ հասկանում, բայց, ցավոք, գիտեմ արդեն բարու և չարի տարբերությունը:
Պարզվում է, որ շատ-շատ վաղուց է ստեղծվել այդ հակասությունը: Չգիտեմ, երևի ինչ-որ մեկը մի օր որոշել է տարբերվել մնացածից, առանձնանալ ու ինչ-որ վատ բան է արել, ասենք, ցավ է պատճառել իր նմանին: Վերջինս էլ, քանի որ իր կյանքում նման բան տեսած չկար, որ մարդը մարդուն  վնասի, զարմանքն արտահայտել է ում պատահի: Այդպես տարբերվող ցանկացողը դարձել է հանրահայտ: Իր մասին խոսում էեն ծանոթ ու անծանոթ, ահել ու ջահել, ցանկանում էեն անձամբ ճանաչել բոլորը: Նա հասնում է իր նպատակին: Ինքնաբավարարված, արդեն հանրահայտ մարդը ցանկություն է ունենում ավելի բարձրանալ փառքի աստիճաններով ու սկսում է դրսևորել իր թաքնված ամենավատ հատկությունները: Իհարկե, դրանից հետո մարդիկ սկսում են ավելի շատ խոսել նրա մասին, բայց արդեն շատ վատ են ընդունում նրան, չարանում են նրա նկատմամբ: Այսպես շատերի մոտ է ցանկություն առաջանում ճանաչում ձեռք բերելը՝ անկախ ամեն ինչից. և նրանք գնում են արդեն անցած, փորձված ճանապարհով՝ չարություն անելով: Այսպես ավելանում է չարությունը ողջ աշխարհում: Իսկ այդ շրջանում բարու մասին խոսք չէր գնում, քանի որ դա սովորական էր. այդպես պետք է լիներ:
Իսկ հիմա՞: Հիմա ամբողջովին այլ է պատկերը: Չարը շատ-շատ է արմատացել մարդկանց շրջանում:Արդեն այնպես է դարձել, որ մարդկանց մի ստվար զանգվածի համար չարություն անելը դարձել է օրվա հաց ու ջրի պես մի բան, ցավոք: Բայց, ի ուրախություն ինձ, բարի մարդիկ դեռ կան, համենայն դեպս, իմ շրջապատում շատ են: Նրանք ծանոթի, թե անծանոթի, միշտ պատրաստ են օգնության ձեռք մեկնել, դժվարությունները պատրաստ են միասին հաղթահարել. Նրանց համար դա է ճիշտը, մարդավարին:
Կարծում եմ, իրականում բոլորիս մեջ էլ կան բնավորության բարի ու չար գծեր, սակայն պետք է կարողանալ դրանք ի հայտ բերել, կարողանալ ճիշտ գնահատել: Ես միշտ փորձում եմ մարդկանց մեջ միայն լավ հատկանիշները տեսնել, դրանց վրա կենտրոնանալ: Լավը տեսնելով՝ հաճելի զգացողություններով եմ լցվում դեպի մարդը ու, ինքնըստինքնյան, չար չեմ կարողանում լինել: Իսկ դիմացինս, որքանով էլ վատ հատկությունները շրջապատին ի ցույց հանած մարդ լիներ, ակամայից իմ վերաբերմունքի ազդեցության տակ դառնում է բարի: Այստեղ են ասել. <Ինչ ցանես, այն էլ կհնձես>: Ու ես դառնում եմ ամենաերջանիկ մարդկանցից մեկը. կարողանում եմ մարդու մեջ տեսնել ու արմատացնել բարին, միայն  ու միայն լավը: Դրանից հետո մարդիկ ավելի շատ են ժպտում (ժպիտիս ի պատասխան), փոխվում են նրանց մտքերը. չարը կամաց-կամաց նահանջում է:
Երջանիկ կլինեմ, եթե բարին նորից տարածվելով՝ իսպառ ջնջի չարը երկրի երեսից ու գոնե մեր եկող սերունդն ընդհանրապես չճանաչի չար ասվածը:
Ուղեղիս մեջ իր տաք անկյունն է գտել բարեկամներիցս մեկի գերեզմանաքարին գրված տողերը (հավանաբար նրա խոսքերն են. շատ բարի էր նա). <Բարի եղեք, մարդի՛կ: Բարությունը չի կորչում, այլ մարդուն մարդ է պահում>:
Դե ինչ, մարդիկ, բարի լինենք, ժպտանք իրար ու հաղթենք մեր մեջ եղած չարին…

No comments:

Post a Comment