Wednesday, January 9, 2013

Նոր տարիս

 Հայությո՜ւն, շնորհավոր Նոր 2013 տարիդ: Թող այն լինի սիրո,  հաջողությունների, երազանքների իրականացման, բերք ու բարիքի տարի: Թող մեր ընտանիքներում միշտ մանկան ճիչ լինի, հարսանիքի զուռնան ու դհոլը հանգիստ չունենան, թող մեր մայրերի աչքերում միայն երջանկության արցունքներ լինեն, թող...
Գիտեմ, որ շատերի համար արդեն տոներն ավարտվել են, իսկ ես ուշացածի պես բարեմաղթանքներ եմ հղում: Ես ուշացած չեմ համարում շնորհավորանքներս, քանզի այսօր ես ստացա այն, ինչ անհամբեր սպասում էի Ամանորի գիշերը: Երջանիկ էի ամենանոր մի քանի վայրկյաններին, քանզի ընտանիքիս հետ էի դիմավորում մի ամբողջ տարվա՝ 365 օրվա նորամուտը: Բայց... բայց ինչ-որ բան պակասում էր, շատ զգացնող ինչ-որ բան: Ձյուն չկար, որը ի սկզբանե նվազեցրել էր ամանորյա տրամադրության առկայությունը: Բայց դա չէր իմ ներքին թախծի պատճառը: Քո զանգին էի սպասում, որը ձյան փաթիլի պես չեղավ: Կարոտե՜լ էի քեզ անչափ:  
Հպարտությունս, ներքին համոզումս, որ պետք է ապրել առանց քո մասին մտածելու վերադարձրին ինձ իմ սովորական, կորած տրամադրությունը: Համակերպվել էի, որ քեզ համար ես չկամ. այսինքն՝ կամ, բայց չեղածի հաշիվ եմ իմ աչքերով: Սպանող մտքեր, որոնք կրծում են հոգիդ, բայց այդպես էլ չեն ուտում: Այդպես, իմ ուժեղ բնավորությամբ, թողնելով վատ մտքերը անցյալում, լայն ժպիտով սկսեցի օրս:
Իսկ Ժպիտին Կյանքը Ժպիտով է դիմավորում, հաստատ: Տեսա Նրան: Այդպես Նոր տարվա ուշացած, բայց շատ սպասված հրաշքը կատարվեց: Լսեցի այն, ինչից կթռչկոտեի, եթե չվախենայի երջանկությանը վախեցնելուց: Շնորհակալություն, որ նորից ամանորյա նվեր ստացա՝ անգի՜ն ինձ համար: 
Հ.Գ. Մարդի՜կ, հավատացեք հրաշքներին, նրանք կատարվում են:
Սիրե՜ք, որ սիրվեք:
Ժպտացեք. կյանքը լավատեսներին է սիրում:

No comments:

Post a Comment