Բարև, բարի կյանք...
Գրեթե միշտ տխրությունս պահել եմ ինձ, բլոգ-ընկերոջս չեմ ցանկացել պատմել: Այսօր բացառություններից մեկը կլինի, քանզի որոշեցի ասել, որ հաջողակ մարդիկ էլ են տխուր լինում, որ նրանց ներսում էլ երբեմն տրտունջը բույն է դնում ու փորձում ապրել:
Որոշեցի գրել ու ասել, որ միշտ պետք է պայքարել, որ պետք է քանդել այդ թախծի բույնը:
Սովորաբար մարդ արարածը տխրում է չբավարարված ցանկությունից, երազանքների չիրականացումից , կարոտից... Մեկը կարող է տխրել, քանզի մեքենա է ուզում, սակայն չի կարող գնել, մեկ ուրիշը երազանքների զգեստն է տեսել ամսագրում, բայց չունի գումար այն ունենալու համար, մի երեխա հեծանիվ է ուզում, մեկը կարոտում է մյուս քաղաքում ապրող իր բարեկամին...
Տարբեր են տխրելու առիթները:
Թվարկածներիս մեջ, սակայն, բոլոր առիթներն էլ կարելի է վերացնել, միայն մեծ ցանկություն և ուզածդ ի կատար կածես: Այլ բան է, երբ կարոտում ես հարազատիդ, ով կողքիդ չէ: Չէ, նա հեռավոր այլ երկրում չի ապրում, որ շատ գումար վաստակես ու մի գեղեցիկ օր այցելես նրան: Ամենևին...
Նա ՉԿԱ: Այո՛, չկա այն հարթության մեջ, որում դու ես: Գիտեմ, բոլորն ասում են. <Մարդ կենդանի է այնքան, որքան նրան հիշում են>: Այսօր ես դա բացառում եմ: Չկա այդպիսի բան: Հիշում ես նրան, խոսում նրա մասին, մտածում, երբեմն մտքումդ խոսում հետը... Միևնույն է, նա չի պատասխանում քեզ, նա ՉԿԱ: Ուզում ես ուրախությունդ կիսել նրա հետ, ուզում ես տեսնել նրա ժպտացող դեմքը, հասկանալ, որ քո ուրախությունը նրանն է նաև, ուզում ես գրկել ամուր, ուզում ես տխրությունդ թաքցնել, բայց նա նկատում է դա՝ առանց քո խոսքերի, ուզում ես նրան տեսնել ուղղակի...
Չկա, չկա՛ միևնույն է:
Մտնում ես նրա սենյակ՝ սպասելով նրա ձայնին: Լռություն է:
Հիշողություններ են միայն, հոգիդ կրծող հիշողություններ:
Ամեն ինչ գալիս է ու անց կենում... Մարդն էլ:
Գնահատեք ձեզ շրջապատողներին, գնահատեք ամեն վայրկյանը նրանց հետ անցկացրած, մի ալարեք ասելուց ու ցույց տալուց, որ դուք նրանց սիրում եք:
Ամեն ինչ անցողիկ է, այդ թվում՝ ՄԱՐԴԸ: Բայց մարդու բացակայությունը մի մեծ անդունդ է առաջացնում սրտումդ, որը չի փակվում: Մնացած ամեն ինչ կարող ես գնել, մի քիչ նման, մի քիչ տարբեր, էական չէ, բայց մարդուն...
Սիրե՛ք ու գնահատեք այն մարդկանց, ում կյանքը ձեզ է ուղարկել:
No comments:
Post a Comment