Երեկվա օրս բավականին քաոսային էր: Երկար ճանապարհ ունեի անցնելու, իսկ այդ ճանապարն ինձ հետ անցնող մարդիկ ու միջադեպերն այնքան էլ իմ սրտով չէին: Չնայած՝ երևի մի քիչ չափազանցրի: Ամեն դեպքում, իմ ժպիտով ընկերացա հինգ տարեկան աղջնակի հետ, ում շնորհիվ տհաճ պահերը մոռացվում էին: Ճանապարհի մեծ մասն անցել էինք, տհաճ իրավիճակների շնորհիվ արդեն նյարդերս անջատել էի, փորձում էի ամեն ինչին թեթև նայել, երբ կանգնեցինք մեքենան լիցքավորելու համար:
Լավ է, որ գոնե ծաղիկներ կային լցակայանին մոտ, որոնք էլ գրավեցին ինձ: Իմ սիրելի երիցուկները... Երկար կանգնած մնալուց հետո իմ փոքրիկ ընկերուհին սկսեց ձանձրանալ: Որոշեցինք մոտենալ ծաղիկներին ու զրուցել բնության հետ: Երիցուկով <Սիրում է, չի սիրում> խաղացի: Սիրո՝ւմ էր...
Վարակեց իմ խաղով նաև մնացածին:
Մի երիցուկ էլ որոշեց զոհել իմանալու համար իր պապիկը արդյոք սիրում է տատիկին, թե՝ ոչ: Բայց նախօրոք ասեց, որ եթե նույնիսկ չսիրի, ՆՈՐԻՑ ԿՓՈՐՁԻ՝ ՄԻՆՉԵՎ ՍԻՐԻ:
Այդ սկզբունքով նա մեկին ստիպեց երևի տասից ավել երիցուկի թերթիկներ քամուն նվիրել՝ հուսադրելով, որ էլի փորձի, ու սիրված կլինի:
Հ.Գ. Երեխա... միամիտ կասեինք մենք՝ մեծերս, այնինչ նա չի հանձնվում, նա գիտի, որ եթե ինչ-որ բան չի ստացվում միանգամից, պետք է փորձել այնքան, մինչև ստացվի, եթե չեն սիրում, պայքարել է պետք սիրու համար...

No comments:
Post a Comment