Friday, December 9, 2011

Ընտանեկան եմ...

Աղանդ, աղանդավոր... Հավատացյալ...
Բառեր, երևույթ, որ միշտ մտածելու ու երբեմն նաև վիճելու առիթ է հանդիսացել:
Նախ, ինչ է հավատը. Պետք է հավատալ ինչ-որ երևույթի, թե անձի: Չգիտեմ, սա երևի այն թեմաներից է, երբ տեղին է ասել՝ ինչքան մարդ, այդքան՝ կարծիք: Ամեն դեպքում, ասեմ իմ կարծիքը. ես հավատում եմ... բայց երբեք հավատս չեմ անձնավորում, երբեք չեմ կապում այն այս կամ այն մարդու, քարոզչության հետ: Երևի դրանից է, որ, մարդկանց միշտ հասկացող, ամեն  դեպքում նրանց դրության մեջ մտնելով, չեմ կարողանում հասկանամ աղանդավորներին:
Մի բան էլ կա. ես չեմ կարդացել Աստվածաշունչը: Գիտեմ, շատերը կզարմանան, շատերը կքարկոծեն, ոմանք էլ կասեն, որ անպայման կարդամ. մեղքս ուղղելի է... Ես էլ հաճախ էի ինձ հանդիմանում չկարդալուս համար, փորձում էի կարդալ, բայց... չէր ստացվում:
Եկավ մի պահ, երբ հասկացա, որ հեչ էլ պարտադիր չէ կարդալ, որ լինես այնպիսին, ինչպիսին պետք է լինես, որ պարտադիր չէ կարդալ, որ հավատաս... ու այսպես շատ ու շատ բաներ...
Ես ձգտում եմ չստել... Չեմ ուզում ստել, այնինչ կարող եմ այնպես խաբել, որ ճշտից ընդհանրապես չտարբերվի. (Կատակ անելուց հաճախ լուրջ դեմքով ստում եմ՝ դիմացինիս ռեակցիան տեսնելու համար, բայց, իհարկե, հետո ասում եմ, որ ստում էի):
Չեմ ուրանում. ինչպես կարող եմ ուրանալ ինձ արված լավությունը. այն հարյուրապատիկ անգամ հատուցման է արժանի:
Դիմացինիս հետ լավ եմ վարվում՝ ամեն պահ ինձ իր տեղը պատկերացնելով... Հաճելի է ուղղակի բարեհամբույր ու սիրալիր լինելը: Հաճախ նման պատասխան էլ ստանում ես:
Ուրիշի ունեցվածքի վրա երբեք աչք չեմ դրել. ես կարող եմ իմն ունենալ՝ իմ իսկ քրտինքով ստեղծված:
Հարգում եմ, պատվում ու սիրում ծնողներիս. նրանք իսկապես արժանի են դրան:
Հա, հարևանի հարսն էլ մերինից լավը չէ. մերը ամենալավն է:  Գնահատում եմ ունեցածս...
Դե ինչ, այսպես կարող եմ երկար շարունակել, բայց դե և անհրաժեշտություն չեմ տեսնում, և՛ պատվիրանները բոլորն անգիր չեմ հիշում (վատն եմ :Դ):
Այսպես էլ ապրում եմ՝ առանց Սուրբ գիրքը կարդալու, առանց պատվիրաններն անգիր իմանալու...
Հետևում եմ ընտանիքիս տված քարոզներին, դաստիարակությանը:
Չեմ գողանում. բավարարվում իմ ունեցածով՝ միշտ ձգտելով այն ավելացնել...
Չեմ սպանում. ճիշտը, բարին պետք է հավերժ ապրեն...
Ես այս մթնոլորտում եմ մեծացել... եթե ինչ-որ քարոզ էլ բարձրաձայն չի ասվել, դա հասկացել եմ իմ կյանքի ընթացքում...
Դե ինչ, մարդիկ, պարտադիր չէ լինել <Հիսուսական>, <Եհովայի վկա> կամ <Հիսունական> (Ի միջի այլոց, մինչև վերջերս չգիտեի, որ դա աղանդ է, կարծում էի մարդիկ բառն են սխալ ասում...), որ հավատ ունենաս, որ <ՄԱՐԴ> լինես կյանքում, իսկական մարդ...
Այսպիսով, ես եկա այն եզրահանգմանը, որ ես էլ <ԸՆՏԱՆԵԿԱՆ> եմ. հետևում եմ միայն ընտանիքիս քարոզներին ու իմ ապրած կյանքի դասերին...
Հ.Գ. Եթե ցանկացողներ կան հետևելու մեր քարոզներին, միացեք :)))

No comments:

Post a Comment