Սիրուն էին նրանք, նորահարսի զգեստի պես ճերմակ, մանկան պես ջինջ... ԵԹԵՐԱՅԻՆ էին... Հեքիաթային... ակամայից ցանկություն առաջացավ զգալ հեքիաթի հերոսուհի, վազել, ուրախանալ, հետո կարմրաթուշիկ մտնել տուն, դրական էներգիայով լցնել տիրոջը կարոտող պատերն ու փորձել որքան հնարավոր է երկար պահել մանկության հոտ ունեցող տրամադրությունդ: Դե, հետո իրականություն... Ցուրտ... Սառնություն ներսից... Որքա՜ն երազներ, հույսեր... երջանիկ ապագա...
Խաբեց ձմեռը, ընդամենը փորձեց ժամանակավոր տաքացնել... աչքերին փայլ տալ, դեմքին՝ լայն ժպիտ... Դե, Նոր տարին էր մոտենում... նվեր էր մատուցում խորամանկ Ձմեռը...
Հիմա էլ մի ամբողջ կամ ԸՆԴԱՄԵՆԸ 31 օր մնաց (այս սև ու սպիտակ տարուն):
Մի տեսակ շտապեցնում է դա արդեն. հասցնել անել այն, ինչ պետք է անեիր նախորդ 10 հատ 30 կամ 31, 1 հատ էլ 28 օրերի ընթացքում: Փութալ է պետք, թե՞ հանդարտվել ու համոզել ինքդ քեզ, որ միևնույն է չես հասցի: Իհարկե, որոշումը քոնն է. դու ես քո կյանքի տիրակալը...
Ես, ինչպես միշտ, որոշում եմ փորձել՝ հասցնելու նախատրամադրվածությամբ: Կհասցնեմ , թե չէ, չգիտեմ. գուցե ինչ-որ բաներ տեղափոխվեն հաջորդ տարի (այդպես էլ է պատահում), բայց կփորձեմ, կշտապեմ, կվազեմ, շնչահեղձ կհասնեմ փոքր նպատակիս ու...
Նորից կշնչեմ՝ նոր երազներով ու նպատակներով... երբեմն էլ ենթարկվելով խորամանկ ձմռան խաբուսիկ խաղերին...
Հ.Գ. Թող բոլորիս երազանքներն իրականան, թող միայն պատրանքներով չապրենք, թող որ ՁՄԵՌԸ ԵՐԲԵՔ ՉՍՏԻ...
Մեծն Վիվալդու հնչյուններն էլ թող օգնեն մեզ հասնելու մեր նպատակներին՝ անկախ տարվա եղանակից: :)
No comments:
Post a Comment