Ինչ-որ մի բան այնպես չի աշխարհում, մարդի՛կ:
Մենք մեզ շատ բան ենք թույլ տալիս, որոշումներ ենք կայացնում ուրիշների փոխարեն, ամեն ինչ հարմարեցնում ենք մեզ, բայց միևնույն պահին էլ դժգոհում կյանքից, ճակատագրից: Իսկ ի՞նչ ասեն էդ դեպքում նրանք, ում փոխարեն մենք ենք որոշում կայացնում, իհարկե, առանց հաշվի առնելու նրանց կարծիքը:
Երկու հասուն, համենայն դեպս, այդպես նախապես երևացող, մարդիկ սիրահարվում են, սիրում (այդպես մտածում են կամ ներշնչում իրենց), հետո որոշում ամուսնանալ:
Դրան հաջորդում է ընտանիքն իսկական, ջերմ դարձնելու հաջորդ քայլը. ունենալ զավակներ: Իսկ հետո՞... Հետոն այն, որ այդ մարդիկ որոշում են, որ իրենք են լինելու այդ՝ նոր աշխարհ եկած մարդու <սեփականատերը>. ի վերջո, իրենք <հասուն> մարդիկ են:
Գոհ լինենք, որ չեն պիտակում նաև <Պատրաստված է> կամ էլ <Made in...>, <Պահպանել մինչև>...
Ինչևէ, մարդ ենք վերջապես... Ուզում ենք մեզ լավ զգալ, երջանիկ լինել... ԵՍԱՍԵՐ ԵՆՔ...
Ոչինչ, որ մեր քմահաճույքների կամ այն բանի համար, որ վերոնշյալ հասուն մարդիկ ուղղակի չեն հասկանում միմյանց, մի անմեղ բալիկ կմեծանա ոչ լիարժեք, քանզի իր կողքին չի լինի իր հայրը կամ մայրը, ում նա շատ սիրում է՝ անկախ նրանց եսասիրությունից: Ի՞նչ արած, փոքր է դեռ, շատ բան չի հասկանում... Իսկ մինչև մեծանա, իր փոխարեն որոշում է իր հայր կամ մայր կոչվածը, իրենցից ով ավելի ուժեղ է... Կյանքում ուժն է միշտ հաղթում...
Դե ինչ, փոքրիկ, դու դեռ պետք է մեծանաս... Հուսամ, որ հետագայում արդեն դու որոշում կկայացնես ու կընտրես քեզ համար ճիշտ տարբերակը...
Իսկ քեզնից տարիներով հեռու գտնվող ծնողիդ գոնե կփորձես հասկանալ... Նա հաստատ քեզ շատ է սիրում ու մինչ քո մեծ դառնալը անիծել է իր ճակատագրին... իհարկե, միշտ հույս ունենալով, որ մի օր կլինես իր կողքին՝ ընդմիշտ:
P.S. Այսօր, շատ ու շատ մարդուկներ աշխարհ եկան: Նրանց ասում եմ բարի գալուստ այս մեծ ու մարդաշատ աշխարհ, թող կյանքը նրանց միայն երջանկություն բերի:
1 տարի առաջ էլ աշխարհ եկավ փոքրիկ Արեգակը... ՇՆՈՐՀԱՎՈՐ տարեդարձդ, փոքրի՛կ: Լինես բախտավոր ու հաջողակ, անհոգ մանկություն քեզ:
Մեծանաս, մեծ տղա դառնաս, բայց երբեք ծնողներիդ նման չլինես՝ ազատություն կտաս սիրելի մարդկանց, թող իրենք որոշեն իրենց կյանքի ուղին...
Մի բան էլ, կներես, որ ծնողներիցդ մեկը հիմա քո կողքին չէ, քեզ հետ չի փչել տորթիդ մոմերը... Միևնույն է, դու նրա սրտում ես, նա քեզ շա՜տ սիրում է...
No comments:
Post a Comment